Home / Տեսանյութեր / Զոհված զինվորների խնդիրը Ցեղասպանության ճանաչում պահանջողներին չի հետաքրքրել

Զոհված զինվորների խնդիրը Ցեղասպանության ճանաչում պահանջողներին չի հետաքրքրել

Ոստիկանների մոտ 20 հոգանոց խումբ այսօր հերթական անգամ թույլ չի տվել բանակում զոհված զինծառայողների ծնողներին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի մոտ: Ծնողների դեմ ոստիկանների պատնեշ է ստեղծվել նախագահական նստավայրի նամակների և ընդունելությունների բաժնի դռան մոտ:

Ակցիա անցկացնող որդեկորույս մայրերն ասել են, որ իրենք ազատ հավաքների իրենց իրավունքի ոտնահարումը բողոքարկելու են մինչև ՄԻԵԴ՝ հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ն արդեն ճանաչել է այդ իրավունքի ոտնահարումը ՀՀ-ի կողմից՝ ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի հիշատակին մոմավառություն անելու գործով: 

Ոստիկանները չէին խոչընդոտում ոչ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը մայթով, ոչ այլ ակցիաները: Այսօր նախագահականի հարևանությամբ գնտվող Բրիտանական դեսպանատան մոտ ակցիա էին անցկացնում Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները: Նրանք դեսպանատուն են հանձնել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պահանջագիր:

«Մենք էլ ենք հիշում ու պահանջում: Մենք դա էլ ենք հիշում (նկատի ունի ցեղասպանությունը – խմբ.) սա էլ ենք հիշում,- ցույց տալով զոհվածների նկարները՝ դաշնակցական երիտասարդներին ասել է 2001 թվականին զոհված Արայիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։ ֊ Պահանջում ենք՝ նախագահն ընդունի, մարդասպանները պատասխան տան իրենց արածի համար: Պահանջում ենք, որ ձեր նմանները գնան, խաղաղ բանակում ծառայեն»:

Epress.am-ի հետ զրույցում երիտասարդներից մեկն ասել է, որ իրենք առաջին անգամ են լսում խաղաղ պայմաններում զոհված զինվորների այս դեպքերի մասին: «Թող Եվրադատարան բողոքեն, խի՞ են ստեղ բողոքում: Եթե Հայաստանի դատական համակարգը 2000 թվից, օրինակ, բան չի արել, էլ չի անի»,- խորհուրդ է տվել երիտասարդներից մեկը:

Միևնույն ժամանակ, երիտասարդը վստահություն է հայտնել, որ եթե զինվորների սպանած լինեին, «ՊՆ-ն մի քայլ կաներ»։

«Մարդ կա՝ ինքը իր պատճառով ա մահացել, ինքնասպան ա եղել, սպանություն համարելով՝ եկել են ստեղ»,֊ մեկնաբանել է երիտասարդը։

Մոտ 5 րոպե ծնողներին լսելուց հետո՝ երիտասարդները հեռացել են՝ հայտարարելով, որ այս խնդիրն իրենց չի վերաբերում: