հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը կարճել է «Գազպրոմ Արմենիայի» դեմ քրգործը

Ոստիկանությունը կարճել է «Գազպրոմ Արմենիայի» դեմ քրգործը

Գյուղատնտես Սամվել Հարությունյանի բողոքի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը: Նույն հարցով գյուղատնտեսը դիմել էր նաև ՄԻԵԴ, որտեղ գործը վարույթ է ընդունվել։

Ոստիկանության կարճման որոշումը Հարությունյանն արդեն բողոքարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում: Գյուղատնտեսը պնդում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կեղծիքի միջոցով է հասել վճռի բեկանմանը և խուսափել դրամական փոխհատուցում տալուց: Նրա խոսքով՝ ընկերությունն ապօրինի է իր ջերմոցների գազամատակարարումն անջատել, որի հետևանքով ինքը վնասներ է կրել։

«Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել էր վճիռ, որով հաստատվել էր՝ ընկերությունը պայմանագրի խախտմամբ է կասեցրել գազամատակարարումը, և ինձ 4 միլիոն 400 հազար դրամի վնաս պատճառելու փաստը: Հետո իրենք բողոքարկեցին և դատարան բերեցին ոչ թե փաստաթղթի բնօրինակը, այլ այդ բնօրինակի պատճենի վրա կեղծված փաստաթուղթ, որը ես երբեք չէի տեսել և չէի ստորագրել: Կեղծիքը հաստատել է նաև Արդարադատության նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ի եզրակացությունը: Այսպես հասան վճռի բեկանմանը: Վճռաբեկն իմ բողոքը չընդունեց, սակայն ՄԻԵԴ-ն ընդունեց»,- ասել է Սամվել Հարությունյանը:

Գյուղատնտեսն ասում է, որ իրենք դատարանում տեղեկացել են, թե ոստիկանության կարճման որոշման դեմ դիմումը քննելու է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

«Սա աբսուրդ է, քանի որ Բեկթաշյանը, երբ ինքը դեռ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր, կեղծված փաստաթղթի հիմքով մերժել է իմ մեկ այլ հայց: Այնպես որ, այստեղ կա շահերի բախում: Իմ փաստաբանը բացարկի միջնորդություն է անելու դատավորին», – Epress.am-ին հայտնել է Հարությունյանը: