«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության գրասենյակի և ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների, բերման ենթարկումների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տարրական իրավունքները, մասնավորապես, փաստաբան ունենալու իրավունքը: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ: Մասնավորապես, Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանի բնակարանի խուզարկումը իրականացնելու նպատակով ներկայացել էին 15-20 ոստիկանության աշխատակիցներ: Ներկայումս շարունակվում են «անհետաձգելի քննչական գործողությունները և օպերատիվ հետախուզական միջոցառումները»: ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի հատկանիշներով: Մինչ այժմ իբրև թե «զանգվածային անկարգությունների նախապատրաստման և իրականացման համար» որպես նախատեսված միջոցներ և գործիքներ առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր: ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները գնահատում ենք ապօրինություններ՝ ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որը նպատակ ունի ճնշել և սահմանափակել նրանց կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքներ անկացնելու սահմանադրական իրավունքը: Առևերույթ նման ակնհայտ ապօրինի գործողության հրահանգ կարող է տրվել միայն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները գնահատում է հակասահմանադրական, անբարոյական և համարում է քաղաքական հետապնդում, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ քաղաքական իշխանությունը», ֊ ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ ոստիկանության գործողությունները դատապարտել է նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
«ՀՀ ոստիկանության տարբեր ներկայացուցիչներ մուտք են գործել ՀՀ քաղաքացիների բնակարաններ որոշակի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: Այդ գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես, բնակարանի խուզարկություն իրականացնելու պատճառաբանությամբ ՀՀ ոստիկանության 15 ներկայացուցիչներ մուտք են գործել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արամ Հակոբյանի բնակարանը, որը գտնվում է Ղուկասյան 15Ա հասցեում (ք. Գյումրի), առգրավել են նրա և նրա ընտանիքի անդամների բջջային հեռախոսները, թույլ չեն տվել կապվել և խորհրդատվություն ստանալ ԻԵՄ-ի փաստաբաններից: ԻԵՄ-ի դիմումի հիման վրա փաստաբան Հայկ Հարությունյանը ժամանել է Ղուկասյան 15Ա հասցեում գտնվող բնակարանը, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցելու կատարվող գործողությանը», ֊ նշում է ՀԿ֊ն:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալություններին և խուզարկության դեպքերին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ է արել ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ։ Զուրաբյանը հիշեցրել է ՀԱԿ֊ի հայտարարությունները, որոնք վերաբերել են «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությանը, մասնավորապես, Բերձորի դեպքերին և Գյումրիում Հրաչիկ Միրզոյանի դանակահարմանը։
Պատգամավորը նշել է, որ նոր է իմացել դեպքերի մասին և դժվար է անմիջապես գնահատական տալ դրանց, բայց ակնհայտ է, որ այդ ամենը տեղավորվում է նույն՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ:
Հարցին, թե արդյոք ՀՀ քննչական կոմիտեն, տարածած հաղորդագրության մեջ բարոյականության մասին խոսելով, չի՞ գերազանցել իր իրավասությունները, Զուրաբյանը պատասխանեց, որ ոստիկանությունն իրեն քանի տարի շարունակ թույլ է տալիս շտկումներ կատարել ցուցարարների կարգախոսների, պաստառների վերաբերյալ. «Սա ցույց է տալիս իրենց իրավական մտածողության մակարդակը, նրանք իսկապես մտածում են, որ քննիչը, ոստիկանը կարող է բարոյական դատողություն անել ծրագրերի, կարգախոսների վերաբերյալ, որն, իհարկե, աբսուրդ է և իսկապես ֆունդամենտալ սահմանադրական ազատությունների ոտնահարում»:
«Հիմնադիր խորհրդարանի» հնչեցրած կոչերը բավական կասկածելի բնույթ էին կրում: Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը։
«Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան, ես, որպես քաղաքական գործիչ, այս պահին կխուսափեմ գնահատականներ տալ»,- ասել է Բաբայանը:
Հարցին, թե «Հիմնադիր խորհրդարանի» որ հայտարարությունն է կասկածելի, Բաբայանը պատասխանել է, որ կա ապրիլի 24, որը «հայ ազգի համար սգո օր է և չի ճանաչում քաղաքական և կուսակցական տարբերություն». «Եթե մարդիկ կարող են այդ օրը օգտագործել քաղաքական նպատակներով՝ սխալ է»:
Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունն անհասկանալի է և դատապարտելի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
««Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որևէ ակցիա չեն իրականացնելու և համաձայնել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երևանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում:
Այս ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն և մերկապարանոց», ֊ հայտարարել է Փաշինյանը: