Home / Համայնքներ / Պետության համար անօթևանները հաշիվ չեն

Պետության համար անօթևանները հաշիվ չեն

Պետությունը ձևացնում է, որ Հայաստանում անօթևաններ գոյություն չունեն։ Հաշվառում չի արվում, պետական կացարաններ չկան, ռազմավարություն ոչ ոք չի մշակել։ Կորոնավիրուսի ժամանակ փողոցում ապրողներին տուգանում էին տանը չմնալու, իսկ հիմա՝ ավտոբուսից անվճար օգտվելու համար․ եթե բանկային հաշիվ ունես, ԴԱՀԿ-ն կալանք կդնի։ 

Վերջերս նպաստների համակարգը ավտոմատացվել է, և մարդը, որը փողոցում է ապրում, հիվանդ է ու գործազուրկ, կարող է զրկվել նպաստից, որովհետև անհրաժեշտ բալեր չի հավաքել, հետևաբար չի համարվում բավականաչափ անապահով։ Փողոցում ապրողներին քշում են քաղաքի կենտրոնից, որ զբոսաշրջիկների աչքից հեռու մնան։

որոշում է մեքենան

Տրանսպորտի թանկացումից հետո Արմեն Խալոյանի համար մայրաքաղաքում երթևեկելը համարյա անհնար է դարձել։ Նա պարբերաբար վիճում է հսկիչների հետ, փորձում է բացատրել, որ անօթևան է, չի աշխատում, նպաստ չի ստանում, տոմսի փող չունի։ Խալոյանը չի օգտվում նաև տրանսպորտային արտոնություններից, որովհետև չի համարվում անապահովության նպաստառու։

Նպաստի համար նա մի քանի անգամ դիմել է Միասնական սոցիալական ծառայություն։ Նախորդ տարի պատասխանել էին, որ ինքը պետք է տուն ունենա, որպեսզի «սոցապը կարողանա գնահատել կենցաղային պայմանները և որոշել՝ նպաստ հասնում է, թե ոչ»։ Օրենքի փոփոխությունից այս նախապայմանը հանել են։ Հիմա գնահատումն իրականացնում է ոչ թե մարդը, այլ ինքնաշխատ համակարգը։ Շահառու դառնալու համար պետք է հարցաշար լրացնել և հավաքել 28 միավոր։

Սոցապի կայքում նպաստի հաշվիչ կա, այն մի քանի պարզ տող է պարունակում՝ ընտանիքի կազմ, սոցիալական խումբ, անշարժ և շարժական գույքի առկայություն կամ բացակայություն, բնակարանային պայմաններ։ Ընդ որում, բնակարանային պայմանի տողում անօթևան կատեգորիան ընդհանրապես բացակայում է։

Հարցաշարը լրացնելուց հետո Արմենը ընդամենը 22 միավոր է հավաքել և չի համարվում անապահով։

Epress.am-ը Սոցապ նախարարությանը խնդրել է տրամադրել հաշվարկը և մերժման հիմքերը։ Նախարարությունից պատասխանել են, որ հաշվարկն իրականացնում է ինքնաշխատ համակարգը, հետևաբար հիմքերը տրամադրել չեն կարող։

«Միասնական սոցիալական ծառայությունում տարօրինակ բաներ էին ասում։ Ասում էին՝ այ եթե հաշմանդամություն ունենայիր կամ հաշմանդամություն ունեցող երեխա, կստանայիր։ Իսկ որ անտուն եմ, աշխատանք չունեմ, առողջական լուրջ խնդիրներ ունեմ, դա հաշիվ չի», – Epress.am-ին պատմել է Արմենը։

Քանի որ անօթևանների համար հատուկ կարգավորումներ չկան, անընդհատ բյուրոկրատական շփոթ է ստեղծվում։ Արմենը ասում է, որ քաղծկեղ ունի։ Նրան հաշմանդամության կարգ է հասնում։ Բայց քանի որ ինքը անապահով չի համարվում, պետպատվերի տակ էլ չի ընկնում, իսկ հիվանդությունը ապացուցելու համար հարկավոր է անալիզների թարմ արդյունքներ ներկայացնել, բայց դրանք վճարովի են և թանկ։

միակ կացարանը բանտից վատն է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անօթևանների հաշվառում չի իրականացնում։ Հարցում էինք ուղարկել, որ իմանանք՝ քանի անտուն մարդ կա Հայաստանում։ Պատասխանել են, որ «թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում»։

Անօթևանների համար պետական կացարաններ չկան։ Հաղթանակ թաղամասում գտնվող ժամանակավոր կացարանը փակվել է 2014-ի հունվարի 1-ին։ Դրանից հետո որոշել են ծառայությունը արտապատվիրակել մասնավորին։

Ամեն տարի Սոցապը անօթևանների խնամքի կացարանի մրցույթ է հայտարարում, և ամեն տարի հաղթում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը։

Ըստ պաշտոնական տեղեկությունների, կացարանը կարող է տեղավորել 100 անօթևանի՝ առավելագույնը 90 օր ժամկետով։ Այն նախատեսված է 18 տարին լրացած, մշտական կամ փաստացի բնակության վայր չունեցող անձանց համար։

Թեև նախարարությունը նշում է, որ կացարանում չեն տեղավորում «ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող» մարդկանց, դրա նախկին բնակիչները պատմում են, որ շատերն այնտեղ նման խնդիրներ ունեն և չեն ստանում մասնագիտական օգնություն։

Արմենին առաջարկել են տեղափոխվել կացարան։ Ինքը հրաժարվել է․ «Դուք որ տեսնեք՝ այնտեղ ինչ պայմաններ են․․․ Անգամ քրեակատարողական հիմնարկներում կոյկաները այդքան խիտ չեն։ Գարշահոտ է գալիս, չի օդափոխվում, տարածքում ծխում են։ Ես էլ քաղցկեղ ունեմ։ Տնօրենին ասում եմ՝ ես չեմ կարող ծխի մեջ մնալ, պատասխանում է՝ սա քո համար հյուրանոց չի։ Ավելի լավ է այգում քնել, դրսում մնալ, քան այդ տարածքում»։

Բարեգործական այս հիմնադրամը լավ համբավ չունի։ Դեռ 2020-ին ՄԻՊ-ը զեկույց էր հրապարակել, որ 25 հազար դրամ հաշմանդամության նպաստ ստացողները 15 հազարը տալիս են կացարանի աշխատակցին՝ իրենց այնտեղ «պահելու» կամ նվազագույն անհրաժեշտ «պարագաներ տրամադրելու համար»։ Դատախազությունն այն ժամանակ քրեական գործ էր հարուցել, որը նույնիսկ դատարան չի հասել։

Այս տարի էլ չարաշահումներ են գրանցվել հիմնադրամին պատկանող սննդի կետում։ Բացի այդ, կացարանում անընդհատ վիճաբանություններ, ծեծկռտուքներ և գողություններ են լինում, որոնց մասին իմանում ենք նաև Քննչական կոմիտեի հաղորդագրություններից և Դատական տեղեկատվական համակարգի կայքից։

Խալոյանի խոսքով, կացարանում հայտնված մարդկանց անվճար բուժօգնություն չի հասնում։ Ենթադրվում է, որ նրանք գտնվում են պետական հոգածության ներքո, բայց երբ իրենք դիմում են անվճար բուժօգնության համար, պատասխանում են՝ «սա մասնավոր հիմնադրամ է, ոչ թե պետական կառույց»։

«Ես ինչո՞ւ պետք է ապրեմ ինչ-որ կասկածելի հիմնադրամի կացարանում, եթե ես տուն եմ ունեցել, իմ տունն ինձնից խլել են, և պետությունը պարտավոր է արդարադատություն իրականացնել ու վերադարձնել ինձնից խլվածը», – ասում է Խալոյանը։

ապօրինություններ և անտարբերություն

Արմենը փողոցում է ապրում արդեն 20 տարի։ Մինչ այդ եղել է Լիտվայում, իսկ երբ վերադարձել է Հայաստան, պարզել է, որ մոր մահվանից առաջ իր և մոր համատեղ բնակարանը վաճառվել է։

Նրա փաստաբան Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ Արմենը համասեփականատեր է եղել, ինչի մասին նշված էր նաև Կադաստրի կոմիտեի կողմից տրված միասնական տեղեկանքում, սակայն կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանը կնքել է առուծախի գործարքն առանց Արմենի գիտության և համաձայնության։

«Պետությունը չի զբաղվում անտուններով, չի հաշվում նրանց, քանի որ միջազգային ատյաններում ուզում է ցույց տալ, որ Հայաստանում անօթևաններ չկան։ Այնպես են անում, որ այս մարդիկ չերևան Երևանի կենտրոններում, մտցնում են նրանց տարբեր ծակեր, կիսակառույց շենքեր, բայց խնդիրները չեն լուծում։ Հիմա էլ տրանսպորտն են թանկացրել, որ հանկարծ մտքովս չանցնի հասնել կենտրոն», – ասում է Խալոյանը։

Պետությունը ոչ միայն չի զբաղվում անօթևանների խնդիրներով, այլ էլ ավելի է բարդացնում նրանց կյանքը։

Նույն Խալոյանը Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տուգանվել էր ինքնամեկուսացման կանոնները խախտելու և տանը չմնալու համար։ 2024 թվականին ԴԱՀԿ-ն նրա աշխատավարձից 200 հազար դրամ էր բռնագանձել, գործատուն էլ, Խալոյանի խոսքերով, իրեն հեռացրել էր աշխատանքից․ «Ասեց՝ մեզ հանցագործ աշխատող պետք չի, որ ընկնենք ԴԱՀԿ-ի ձեռքը»։

Նոր աշխատանք գտնել նա չի կարողացել։ Դիմել է նույն Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության կենտրոն։ Մեկ տարվա ընթացքում նրան աշխատանքի ընդամենը մեկ առաջարկ են արել՝ բեռնափոխադրող ՀայՓոստում։ Հարցազրույցի ժամանակ Արմենը ասել է, որ ողնաշարի խնդիրներ ունի, գործի չեն ընդունել։ Արմենը տարբեր տեղերից իրեր է հավաքում, որ վերավաճառի Քրչի բազարում, սա նրա միակ եկամուտն է։

Ըստ Սոցապի, զբաղվածության կենտրոնն աշխատանք փնտրող անձանց առնվազն տարին մեկ հրավիրում է տարածքային գրասենյակ, որ աշխատանքի հարմար առաջարկ ներկայացնի։ Թե ինչպես է որոշվում՝ որ աշխատանքն է հարմար առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդու համար, նախարարությունից չեն ասում։ Պարզ է, որ անօթևանները ամենանախընտրելի շահառուն չեն նաև զբաղվածության գործակալությունների համար։ Նրանց սոցիալականացնելը առաջնահերթություն չէ, իրենք ընդհանուր ցանկով են անցնում, հետևաբար ոչ մրցունակ են ի սկզբանե։