Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը մահացել է ապրիլի 9-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, որտեղ տեղափոխվել էր ապրիլի 5-ին բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսօր առավոտյան զինվորի մահվան մասին հաղորդագրություն էր տարածել ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը՝ չնշելով մահվան օրը և պատճառը։
Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնում է, որ զինծառայողը վնասվածքը ստացել էր զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ՝ ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր։