հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՊՆ-ն պարտավոր չէ Հայաստանից դուրս զինվորների բուժումն ապահովել, պնդում է խոսնակը

ՊՆ-ն պարտավոր չէ Հայաստանից դուրս զինվորների բուժումն ապահովել, պնդում է խոսնակը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ճիշտ չի համարում հրապարակել, թե ինչ պատճառներով և քանի զինծառայող է ծառայությունն անցնելուց հետո հենաշարժողոական խնդիրներով վերադարձել տուն: Այս մասին նա ասել է «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատճառաբանելով, թե նման տվյալները գաղտնի են, քանի որ կարող են լուրջ պատկեր ստեղծել հակառակորդի համար:

«Իմ մոտ կան բոլոր պատճառներով հիվանդությունները: Տարեկան մի քանի տասնյակ լուրջ վնասվածքները, հիմնականում դա հակառակորդի կրակից է լինում, միայն հենաշարժողական հիվանդություններ չեն, որ ձեռք են բերում: Լինում է, օրինակ, աչքի հետ կապված, որը ծանր հետևանքներ է ունենում: Կամ ունեցել ենք չարորակ ուռուցքների հետ կապված, որոնք ևս հենաշարժողական խնդիրներ չեն առաջացնում, բայց ոչ պակաս ծանր են»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով զինծառայող Գևորգ Եղիազարյանի դեպքին, ով, հակառակորդի գնդակից վիրավորվելով, հաշմանդամ է դարձել և ում արտասահմանում բուժման երկրորդ փուլի համար ՊՆ-ն գումար չի հատկացնում, Հովհաննիսյանն ասել է, որ ՊՆ-ն պարտավոր չէ Հայաստանից դուրս բուժում ապահովել:

«Բայց քանի որ տարեկան լինում է 1-2, առավելագույնը՝ 3-4 զինծառայող, ում բուժումը պետք է անցկացնել դրսի կլինիկաներում, բավականին մեծ գումարներով, դուք գիտեք, որ նման կլինիկաների բուժումները սկսվում են 30-40 հազար դոլարից, հասնում են մինչև 100-200 հազար դոլար, ՊՆ-ն առանց բացառության բոլորին օգնում է: Ես շեշտում եմ՝ օգնում է, քանի որ չի կարող լրիվ անել նախ՝ օրենքին համապատասխան, երկրորդ, ցավոք, համապատասխան դրամական միջոցներ չունենալու պատճառով»,- ասել է խոսնակը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն էլ ասել է, որ միջոցներ չունենալը չի վերացնում պատասխանատվությունը, որը ՊՆ-ն կրում է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը նշել է, որ զինվորների վաղաժամ ազատման դեպքեր լինում են նաև այն պատճառով, որ նրանց զինակոչման ժամանակ տրված բժշկական հանձնաժողովների որոշումները միշտ չէ, որ ճգրիտ են լինում: