Հայաստանի վարորդները երթևեկության կանոնները խախտելու համար տարեկան, բոլորը միասին, պետբյուջե են վճարում ավելի քան 12 միլիարդ դրամ: Սա միայն պաշտոնապես որպես տուգանք գանձված գումարն է և չի ներառում պետավտոտեսուչներին տված «մաղարիչները»: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Հոդվածագիր Հայկ Գևորգյանն այս ցուցանիշը համեմատում է Ֆրանսիայում տարեկան տուրքերի հետ:
«Մեր պետական բյուջեն շուրջ 1.2 տրիլիոն դրամ է: Իսկ սա նշանակում է, որ վարորդներից գանձված տուգանքները մեր պետբյուջեի շուրջ մեկ տոկոսն են կազմում: Ֆրանսիայի պետական բյուջեն 1.4 տրիլիոն դոլար է: Իսկ երթևեկության կանոնները խախտելու համար գանձված տուգանքների ընդհանուր տարեկան ծավալն այդ երկրում մոտ 600 միլիոն դոլար է: Ուրեմն ի՞նչ ստացվեց: Մեր վարորդներից տարեկան գանձվում է պետբյուջեի մեկ տոկոսի չափ տուգանք, իսկ Ֆրանսիայում՝ մոտ 0.4 տոկոս, կամ 2.5 անգամ պակաս»,- գրում է հոդվածագիրը՝ նկատելով, որ Ֆրանսիայում կենսամակարդակը 14 անգամ ավելի բարձր է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում