Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ան Բրասյորն այսօր ԱԺ-ում հանդիպել է լրագրողներին, պատմել իր պաշտոնական այցի ընթացքում ՀՀ խորհրդարանականների հետ քննարկումների մասին, սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Մոտ 30 րոպե ուշացումով ասուլիսին ներկայացած ԵԽԽՎ նախագահը ելույթ ունենալուց հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ իր օրը հագեցած է հանդիպումներով, և հեռացել է:
Իր ելույթում Բրասյորը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ զեկույց է մշակելու:
«Նպատակը բնավ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընթացող գործընթացին միջամտելը չէ: Հակառակը, մենք փորձելու ենք նպաստել լուծում գտնելու գործընթացին, լուծում, որը պետք է հաշվի առնի բոլոր կողմերի մտահոգությունները», ֊ ասել է ԵԽԽՎ նախագահը: Զեկույցի բովանդակության, հրապարակման ժամկետների մասին մանրամասներ նա չի հայտնել:
Բրասյորը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ նշելով, որ տեղի ունեցած վայրագություններն անընդունելին են․ «Հարյուրամյակի միջոցառումները կարևոր են դեպքերը հիշելու, սպանվածներին հարգանքի տուրք մատուցելու, ընդհանուր հայտարարի գալու համար, որպեսզի նման հանցագործությունները ապագայում կանխվեն»: