Եվրամիությունը հայտարարում է ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի «սահմանափակ» կամ «փոքր» առաջընթացի մասին, սակայն ոչ մի առաջընթաց էլ չի եղել՝ ոչ փոքր, ոչ էլ սահմանափակ։ ԵՄ֊ն շատ մեղմ է արտահայտվել Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին։ Այսօր Ազգային ժողովում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման քննադատությամբ է հանդես եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում միայն հետընթաց է գրանցվել․ «Տարբեր տեսակի քաղաքական հետապնդումների ենթարկվեցին այն ուժերի ներկայացուցիչները, ովքեր ընկալվում էին որպես վտանգ»:
Զուրաբյանը որպես իր խոսքերի ապացույց մատնանշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա գործադրված ճնշումը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակումը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների վրա հարձակումներն ու ձերբակալությունը:
Պատգամավորը հավելել է, որ Եվրամիության ներկայացուցիչները կարող էին ուղղակի նշել, որ մարդու իրավունքների պաշտանության տեսանկյունից իրավիճակը երկրում վատթարացել է։