Արցախի իշխանությունները որդեգրել են ճնշումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում մայիսի 3֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային վերածնունդ» կուսակցության նկատմամբ։ Այս մասին հայտարարում է կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանն «Ազգային վերածնունդ»֊ի տարածած նախընտրական հոլովակում։ Նա համոզմունք է հայտնում, որ ճնշումների և հակասահմանադրական գործողությունների գլխավոր պատասխանատուն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը։
Նա նշել է, որ հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են կուսակցության համակիրներին՝ պահանջելով չհամագործակցել իրենց հետ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով, ըստ կուսակցության ներկայացուցչի, հանդիպում է իրենց համակիրներին, պահանջում է չաշխատել «Ազգային վերածնունդ»֊ի համար, հակառակ դեպքում՝ խոստանում խնդիրներ ստեղծել նրանց համար։
«ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության վերահսկողության հաստատումը Արցախի առաջնային խնդիրներից մեկն է։ Հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է Ազգային անվտանգության ծառայությունը սովետական ոճի ռեպռեսիվ կազմակերպությունից վերածել ազգային կառույցի, որը, սեփական քաղաքացիներին լրտեսելու և վախեցնելու փոխարեն, կկարողանա լուծել իր անվանը հարիր խնդիրներ։
Մայիսի 3-ին բոլորս միասին կարող ենք ցույց տալ Արցախի կոռումպացված իշխանություններին, որ մենք ենք տերը այս երկրի։ Մայիսի 3-ին կարող ենք ցույց տալ Սահմանադրությունը ոտնահարող չեկիստներին ու նրանց վերադասներին, որ Արցախն ազատ, անվախ ու արժանապատիվ մարդկանց հայրենիք է։ Մայիսի 3-ին կարող ենք հաստատել ժողովրդի իշխանություն», ֊ իր խոսքը եզրափակում է Տիգրան Գրիգորյանը։
Մանրամասները՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության տեսանյութում․