Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։ Այս մասին, Վերաքննիչ դատարանից դուրս գալով, լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զաքարյանը, ով «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբից է։ Դատարանը հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ առանց հիմնավորումները ներկայացնելու։
Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է ևս երեք ձերբակալվածների՝ Արամ Հակոբյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների օրինականությունը։ Արամ Հակոբյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը փոխարինվել էր գրավով, սակայն այս որոշումը ևս բողոքարկվել է։
Հիշեցնենք, որ Հակոբյանը մեղադրվել է ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ, իսկ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը և Պավել Մանուկյանը՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։
Դաշտային հրամանատար, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը ապրիլի 17-ին հայտարարել էր, որ 50 ազատամարտիկներ պատրաստվում են ապրիլի 20-ից նստացույց և հացադուլ սկսել Ազատության հրապարակում։ Նա նշել էր, որ իրենց պահանջն է ազատ արձակելապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամներին, ինչպես նաև նախկինում կալանավորված քաղբանտարկյալներին՝ Վոլոդյա Ավետիսյանին ու Շանթ Հարությունյանին և ընկերներին։ Ազատամարտիկի խոսքով՝ եթե մինչև երկուշաբթի բոլորին բաց չթողնեն, իրենք ապրիլի 20-ին կհավաքվեն Ազատության հրապարակում։