Home / Հայաստան / ԲՀԿ նախագահը հայաստանցիների մի մասին նեգատիվ է վերաբերվում

ԲՀԿ նախագահը հայաստանցիների մի մասին նեգատիվ է վերաբերվում

ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) միշտ կոչ է անում դեմ քվեարկել այն նախագծերին, որոնք միտված են ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությանը։ Այս մասին նա ասել է LGBTnews.am-ի թղթակցի հետ զրույցում։

Լրագրողը Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե ինչ վերաբերմունք ունի պատգամավորը ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների վերաբերյալ։

«Ես այստեղ երևի մի քիչ կզարմացնեմ ձեզ, որովհետև, լինելով եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, աշխատում եմ հեռու մնալ այդ խնդիրներից: Ինչպես իմ շատ գործընկերներ, ես չեմ առաջարկում նրանց, ասենք, խարույկի վրա այրել կամ «իզգոյացնել» հասարակությունից, բայց ես ուղղակիորեն ընդունում եմ, որ որքան մեր հանրությունը զերծ մնա նման այլասերվածությունից, այնքան մենք կկարողանանք մեր ազգի բարոյաէթնիկ նկարագիրը պահպանել: Ինձ համար բացարձակապես ընդունելի չէ այդ ամենը»,-ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նշել է, որ ինքն անձամբ ԵԽԽՎ֊ում Վեհաժողովում մշտապես դեմ է քվեարկել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց հիմքում ԼԳԲՏ անձանց պաշտպանությունն է:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենք շատ աջակիցներ ունենք, և գրեթե չի լինում մի նստաշրջան, երբ այնտեղ նրանց շահերը պաշտպանող նախագիծ չլինի: Ես միշտ խոսում, արտահայտվում և կոչ եմ անում դեմ քվեարկել, քանի որ այն, ինչ անում են նրանք, Աստծո օրենքներին դեմ է, իսկ ես կոչ եմ անում Աստծո և բնության օրենքներին դեմ չգնալ: Ես գիտեմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ երևույթները ինչ-որ մի շրջան համարեց գենետիկական հիվանդություն, ինչ-որ մի շրջան՝ հոգեկան շեղում, հետո հանեց հիվանդությունների ցանկից, բայց ամեն դեպքում ես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում մշտապես դեմ եմ քվեարկելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք պաշտպանում են այդ կարգի մարդկանց շահերը: Իմ հարցազրույցներում նույնպես ես բազմիցս արտահայտել եմ իմ վերաբերմունքն, ինչի պատճառով անգամ Եվրոպայի Խորհրդում իմ հանդեպ որոշակի ընդգծված բացասական վերաբերմունք կա հենց կապված այն բանի հետ, որ ես որոշակի խտրականության կողմնակից եմ, բայց դա ինձ բացարձակապես չի խանգարում իմ տեսակետը հայտնելու հարցում: Այո՛, ես գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք ցանկացած գնով թույլ չտալ, որպեսզի այդ որակը մեզանում լայն տարածում ստանա: Ես չեմ ասում, որ իրենք առանձնացվեն, բայց որքան մենք հեռու լինենք և որքան կարողանանք պայքարել, որպեսզի մեր երկրում այդպիսի այլասերվածությունը տարածում չստանա, այնքան ավելի լավ: Ես ինքս իմ հնարավորության սահմաներում անում եմ ամեն ինչ, որպեսզի, կրկնում եմ, հնարավոր լինի թույլ չտալ, որ այդ մետաստազը տարածվի Հայաստանում»,- ասաց Զոհրաբյանը:

Կայքի թղթակցի հարցին՝ ինչո՞վ է ԼԳԲՏ անձանց վարքը դեմ Աստծո և բնության օրենքներին և թե ի՞նչ առավելություն ունի հենց ինքը՝ Զոհրաբյանը, ԼԳԲՏ անձանց նկատմամբ, որ իրեն թույլ է տալիս նրանց նկատամբ բացասական վերաբերմունք դրսևորել՝ կարծելով, որ ինքն ավելի շատ իրավունքներ պիտի ունենա, քան ԼԳԲՏ անձիք, պատգամավորը պատասխանել է, թե ընդունում է, որ մարդու իրավունքների տեսանկյունից ԼԳԲՏ անձիք պետք է ունենան այն նույն իրավունքներն, ինչ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

«Բայց կրկնում եմ, իմ վերաբերունքը նրանց նկատմամբ նեգատիվ է և չի կարող փոխվել, որովհետև ես գիտեմ, որ կա բնության օրենք, Աստծո օրենք, պատվիրաններ, և այն խավը, որը կգնա Աստծո պատվիրաններին դեմ, կարժանանա Աստծո պատժին: Այո՛, նրանց մեջ երևի մի խավ կա, որ գենետիկական հիվանդ է, մեկ այլ խավ՝ հոգեկան շեղմուներ ունի, բայց պետք չէ տուրք տալ… Ես իրենց գծով մասնագետ չեմ, ես չեմ պատրաստվում միանալ իրենց իրավունքների պաշտպանների շարքին, բայց չեմ էլ պատրաստվում նրանց դեմ բացահայտ պայքար հայտարարել: Բայց ես կանեմ հնարավորը, որպեսզի Հայաստանում իրենք չկարողանան իրենց մետաստազները տարածել. դա ես ասում եմ բաց և հրապարակային»,- նշել է Զոհրաբյանը: