Մարտ ամսին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ: Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչև 1285 դրամ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները։
«Հայկական ժամանակ» օրաթերթն ընդգծում է, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Թերթը սա ուշագրավ է համարում նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և բանանն այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը՝ 10 տոկոս:
«Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող բանանի մաքսագերծման գինը նվազել է ուղիղ 5 տոկոսով և, հետևաբար, ճիշտ այդքանով նվազել է բանանի ինքնարժեքը: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանանը մեր խանութներում թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ բանանի մոնոպոլ ներկրում իրականացնող «Քեթրին գրուպ» ընկերության շահույթը (պատկանում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին ֊ Epress.am) իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է առնվազն 15 տոկոսով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում