Լեռնային Ղարաբաղում 22 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիևին վիրահատել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնում»։ Այս մասին ասված է «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի հայտարարության մեջ։
Գուլիևը լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով։ Հիվանդանոցում Գուլիևին այցելել են «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը և նույն կազմակերպության գործադիր տնօրեն Սվետլանա Ջահանգիրյանը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 30֊ին ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտել են 22 տարվա և ցմահ ազատազրկման համապատասխանաբար՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ։
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել 37-ամյա Կարինե Դավթյանին։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվել է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։ Դատավարության ընթացքում ադրբեջանցիներին թարգմանիչ չի տրամադրվել, նրանք չեն ընդունել իրենց մեղքը։