107 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ֊ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը փոփոխելու առաջարկը, որով օրենքի գործողության ժամկետը երկարաձգվելու է մեկ տարով։ Օրենքը հնարավորություն էր տալիս 27֊ը լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայաստան՝ ազատվելով քրեական հետապնդումից: Օրինագծի հեղինակը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է, ով կարծում է, որ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելը ճիշտ է, քանի որ այդ օրենքը նպաստում է հայրենադարձությանը, երիտասարդներին հնարավորություն է տալիս խուսափել քրեական հետապնդումից, և ունի դրական ֆինանսական նշանակություն։
«Ստացած վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը: 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801.230.000 ՀՀ դրամ, ինչը, հաշվի առնելով, որ օրենքի գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու է, կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավել գումարի մուտքեր», ֊ ասված է օրինագծի հիմնավորման մեջ։
Օրինագծին դեմ են եղել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 7 անդամներից 4-ը՝ Լևոն Զուրաբյան, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը և Հրանտ Բագրատյանը։ Երեկ նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ օրինագիծը հակասահմանադրական է։ «Ոչ ժամկետ հանելը, ոչ փողն ավելացնելը խնդիր չեն լուծում։ Պետք է ապահովենք քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ և 18 տարին լրացածին բանակ տանենք։ Սա օրենք է այն մասին, թե ինչպես օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից»,֊ ասել է Ջհանգիրյանը։
Հիշեցնենք, որ արտասահման մեկնելու ճանապարհով զինապարտությունից խուսափելու պրակտիկան կանխելու մեկ այլ առաջարկ էր կատարել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նա առաջարկել էր վերացնել պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը։ Նախարարությունը հիմնավորում է, որ տարկետման իրավունքով սովորելով արտերկրում՝ արական սեռի քաղաքացիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, որն էլ «իր հերթին, խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»: