Բանտում 12 օր հացադուլ անող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը բժիշկները դեռևս վտանգավոր չեն համարում, սակայն հորդորում են դուրս գալ հացադուլից՝ հաշվի առնելով արյան ճնշման անկումը, Սաֆարյանի մոտ առկա ընդհանուր թուլությունը։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Սաֆարյանի պաշտպան Գևորգ Դավթյանը, ով երեկ այցելել է իր վսհատորդին։
Դավթյանի խոսքով՝ Սաֆարյանը պահվում է հացադուլավորների համար հատուկ առանձնացված սենյակում՝ հսկողության ներքո։ Սաֆարյանը չի բողոքել պայմաններից, իր հացադուլը բացատրել է քաղաքական հայացքներով, և ասել է, որ միտք չունի այն դադարեցնել։
«Գևորգը չէր ցանկանում խոսել այն հարցի շուրջ, թե նախկին խցում ինքը խնդիրներ է ունեցել։ Ասել է, որ եթե ցանկություն ունենար ինչ֊որ բան հայտարարել, կաներ»,֊ ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել էին նախաձեռնության 6 անդամներ։ Նրանցից 5-ին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Գևորգ Սարֆարյանին կալանավորել են զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, իսկ Արամ Հակոբյանին մեղադրել են ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ ու ազատ արձակել գրավի դիմաց։