Հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի միջնորդությունը հույս չի ներշնչում։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է թուրք քաղաքական վերլուծաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր Չենգիզ Աքտարը՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկին։ Ռուսաստանցի նախարարը, մասնավորապես, ասել էր․ «Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, և այդպիսով՝ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»։
Չենգիզ Աքթարի խոսքով՝ դեռևս անհասկանալի է, թե ինչն է ցանկանում առաջ մղել Սերգեյ Լավրովը՝ երկկողմ հարաբերություննե՞րը, թե՞ մեկ այլ բան, քանի որ, ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի միջև չկարգավորված շատուշատ հարցեր կան, բացի հայ֊թուրքական փակ սահմաններից։
«Ինչի՞ վրա նա պետք է աշխատի, ի՞նչ կասեն կողմերը․ եթե չեմ սխալվում, նրանք դեռ չեն արձագանքել դրան։ Իհարկե, միշտ էլ օգտակար է հակամարտող կողմերի միջև միջնորդ ունենալը, որը կխոսի կողմերի հետ այն խնդիրների մասին, որոնց մասին նրանք ուղիղ կերպով խոսելու ունակ չեն։ Անկեղծ ասած՝ ես մեծ սպասելիքներ չունեմ այսպիտի միջնորդություններից։ Թուրքիան և Հայաստանը կարող են իրենց խնդիրները լուծել երկկողմանի մակարդակում, եթե նրանք ցանկանան դա։ Եթե նրանք չկարողացան հաջողել Ցյուրիխյան արձանագրությունները, ապա հետաքրքիր է՝ ինչպե՞ս պետք է հաջողի Լավրովի միջնորդությունը, քանի որ արձանագրություններն այսօր մահացած ու թաղված են։ Ես չեմ կարծում, որ բեկումնային փոփոխություններ են լինելու Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներում, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը և Հայոց ցեղասպանությանը, ինչը դժվար կանխատեսելի է դարձնում Լավրովի միջնորդական առաքելության ճակատագիրը», – Աքթարի խոսքերն է մեջբերում «168 ժամ»-ը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում