Home / Հայաստան / Հայաստանն ու Վրաստանը չպետք է երրորդ ուժերի «շիստյորկաներ» դառնան․ «ՀԺ»

Հայաստանն ու Վրաստանը չպետք է երրորդ ուժերի «շիստյորկաներ» դառնան․ «ՀԺ»

Հայաստանն ու Վրաստանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ երկրները ձեռքերը տաքացնեն հայ֊վրացական խնդիրների վրա, այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթն անդրադառնում է Հայաստանի և Վրաստանի միջև վերջին օրերին ծագած լարվածությանը՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հանդիպմանը, որը լուրջ դժգոհություն էր առաջացրել Վրաստանում։ Հայկական կողմի այն բացատրությունը, թե Սահակյանը մասնավոր հանդիպում է ունեցել Բիբիլովի հետ, չի գոհացրել վրացական կողմին։ «ՀԺ»֊ն նշում է, որ մինչ դա, հայկական կողմի համար խնդիր է եղել այն, որ Վրաստանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ներկայացված է եղել ընդամենը խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով, իսկ Վրաստանի ԱԳՆ֊ն չափազանց չոր և խիստ գնահատական է տվել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

«Իհարկե, ժամանակագրորեն դժվար է վերականգնել, թե որն է եղել սկզբից․ Վրաստանի ԱԳՆ հայտարարությո՞ւնը, թե՞ Սահակյան֊Բիբիլիով հանդիպումը, բայց որ այս երկու իրադարձությունները կապ ունեն իրար հետ՝ ակնհայտ է։ Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն իրականում այսբերգի երևացող կողմն են, իսկ չերևացող կողմը շատ ավելի կարևոր է։ Չերևացող կողմն այն է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանն ամեն ինչ անում են հայ֊վրացական հակասությունները խորացնելու համար, և եթե դա նրանց հաջողվի, կլինի աղետ, առաջին հերթին՝ Հայաստանի և Վրաստանի համար…

…Վրաստանը, իհարկե, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պիտի մասնակցեր ավելի բարձր մակարդակով, Գալուստ Սահակյանը Բիբիլիովին չպետք է ընդուներ, Վրաստանի ԱԳՆ֊ն ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ նման հայտարարություն չպետք է աներ։ Բայց այս ամենը տեղի է ունեցել, և տեղի ունեցածը պատահականություն կամ թյուրիմացություն համարել հնարավոր չէ։ Այն, ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել։ Եթե Հայաստանն ու Վրաստանը պետություններ են և ոչ թե ինչ֊որ երրորդ ուժերի շիստյորկաներ, պետք է անհապաղ դադարեցնեն լարումը մեծացնելուն ողղված քայլերը, որովհետև ծավալվող սցենարի որևէ զարգացում չի կարող ձեռնտու լինել ո՛չ Հայատսանին և ո՛չ Վրաստանին։ Էնպես չէ, որ հայ֊վրացական հարաբերություններում պրոբլեմներ չկան։ Բայց չի կարելի ուրիշներին թույլ տալ, որ ձեռքերը տաքացնեն այդ պրոբլեմներին վրա՝ ի հաշիվ հայոց և վրաց պետականությունների», ֊ գրում է «Հայկական ժամանակը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi