Home / Տեսանյութեր / «Կառավարությունն անարգում է ԱԺ֊ին»․ խնդրահարույց նախագծերին կողմ քվեարկեցին ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն

«Կառավարությունն անարգում է ԱԺ֊ին»․ խնդրահարույց նախագծերին կողմ քվեարկեցին ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն

Կողմ՝ 65, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 26 ձայների հարաբերակցությամբ ԱԺ֊ն այսօր ընդունել է «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Օրինագծերին դեմ են քվեարկել ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունները, ԲՀԿ֊ն ձեռնպահ է մնացել։ Կողմ են քվեարկել միայն ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն։ Համաձայն նախագծի, արտերկրում շինարարական, շինմոնտաժային ոլորտներում աշխատող հայաստանյան ընկերություններն ու ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Հայաստանում և եկամտահարկը կամ շահութահարկն արտերկրում վճարելու փոխարեն, վճարեն ՀՀ հարկային մարմիններին։

Մինչ քվեարկեությունը ՀԱԿ խմբակցության պագտամավոր Հրանտ Բագրատյանը կոչ է արել չընդունել նախագիծը։

«Սա հակասում է ԵՏՄ պայմանագրին, սա չի կարող դուր գալ ԵՏՄ անդամ մյուս երկրներին։ Կա ԵՏՄ դատարան, այդ դատարան կարող են դիմել։ Սա նշանակում է, որ ասում եք՝ հայ ժողովուրդ, ձեզ համար ոչ միայն Եվրամիություն չկա, ձեզ համար նաև ԵՏՄ չկա»,֊ ասել է Հրանտ Բագրատյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ օրինագիծը ԱԺ֊ի արտահերթ նիստի օրակարգ է մտցվել վերջին պահին և պատգամավորները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ դրան։

«Կառավարությունն անարգանք է ցուցաբերում ԱԺ֊ի նկտմամբ, սա աֆյորա է։ Հինգշաբթի ունեինք մի նախագիծ, ոչ մի այլ բան չի հրապարակվել, վերջին օրով բերել են այս օրենքը՝ ժամանակ չտալով այն քննարկել»,֊ ասել է Զուրաբյանը։

Նշենք, որ թեև մայիսի 5-ին և 6-ին արտահերթ նիստեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էր ապրիլի 30֊ին, «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքների մեջ փոփոխություն կատարելու նախագծերը միայն մայիսի 4-ի երեկոյան են ներառվել օրակարգում։