Home / Տեսանյութեր / Ավտովթար նախագահականի մոտ․ տուժել են հերթապահող ոստիկանները (ՖՈՏՈ)

Ավտովթար նախագահականի մոտ․ տուժել են հերթապահող ոստիկանները (ՖՈՏՈ)

Մայիսի 5-ին, մոտավորապես 23։45-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Ինչպես Epress.am֊ին պատմել է դեպքի ականատեսը, բալագույն «Ռեյնջ ռովեր» մակնիշի ավտոմեքենան, մեծ արագությամբ ընթանալով, հարվածել է նախագահականի դարպասի դիմաց հերթապահություն իրականացնող սև ոստիկանական մեքենային։

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մայթին կանգնած ոստիկանական մեքենան շպրտվել է դարպասի մոտ։ Ականատեսի խոսքով՝ մեքենայից երկու ոստիկանի են հանել ու քիչ անց դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ այլ ականատես պատմել է, որ առաջին շտապ օգնության մեքենայից հետո ժամանել է ևս մեկը, որը, ենթադրաբար, տարել է «Ռեյնջ ռովերի» վարորդին:

2vtar

Երբ Epress.am֊ի լրագրողները դեպքի վայր են ժամանել (մոտավորապես 00։20-ի սահմաններում), նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ են եղել, աշխատել են հետաքննիչներ, ավտոքարշարկ ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մեքենա է կանգնած եղել։ Դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկն ասել է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, այլ տեղեկություններ նրանց վիճակի մասին մեզ առայժմ չհաջողվեց ստանալ։ Չհաջողվեց պարզել նաև, թե քանի մարդ է եղել ոստիկանական մեքենային հարվածած «Ռեյնջ ռովերում»։

1vtar 3vtar 4vtar 5vtar