Home / Հայաստան / Հայրը հաստատում է՝ տղան կուրացել է Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով

Հայրը հաստատում է՝ տղան կուրացել է Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով

Երկու օր շարունակ ծեծկռտուքի մասին տեղեկություները հերքելուց հետո այսօր 32-ամյա Հարութ Զաքարյանի հայրը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ որդին աջ աչքի տեսողությունը կորցրել է Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով։ Գագիկ Զաքարյանը հավելել է՝ Հարութից բացի, ծեծի է ենթարկվել նաև նրա ավագ եղբայրը, իսկ որդիներն իրենից թաքցրել են եղելությունը։

«Ես նոր եմ տեղեկություններ իմացել, ինձանից թաքուն է եղել դա: Ովքեր որ եղել են, ում ինքնությունը պարզ է՝ թող նրանց միջոցով ճշտեն», – ասել է Գագիկ Զաքարյանը՝ հավելելով․ «Կուլ չի տալու, ինքը գիտի, որ իմ ընտանիքից պիտի հեռու մնա: Ինձ ոչ մեկը չի կարող վախեցնել»:

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից անցել է արդեն 4 օր, սակայն Հարութ Զաքարյանը դեռևս դատաբժշկական փորձաքննություն չի անցել։ Հոր խոսքով՝ Երևանի հիվանդանոց իրավապահները չեն եկել, որդուն չեն հարցաքննել:

Երիտասարդին մեկ անգամ արդեն վիրահատել են, բայց բժիշկները գրեթե հույս չեն տալիս, որ տեսողությունը կվերականգնվի:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզային դատախազությունը մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով քրեական գործ էր հարուցել։ Ձերբակալվածներ, սակայն, չկան։