Անցած տարվա ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսը նվազել է, ոչ ավել, աչ պակաս, 190 հազար 700 մարդով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վերլուծելով պաշտոնական վիճակագրությունը։ Թերթն ընդգծում է՝ թեև այդ տվյալները վերաբերում են անցած տարվան, դրանք հրապարակվել են ընդամենը երեք օր առաջ։
Այսպես՝ 2014-ի սկզբին Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 326 հազար 200 մարդ, այսինքն՝ այդքան մարդ, ըստ պաշտոնական վիճակագրության, ի վիճակի էր աշխատել և ինչ֊որ բան ստեղծել։ Ընդ որում, այս թիվն իր մեջ ներառում է Հայաստանի 15-ից 75 տարեկան բոլոր աշխատունակ քաղաքացիներին։ 2014 թվականի վերջին պարզվում է՝ Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 135 հազար 500 մարդ։
Պաշտոնական տվյալների համաձայն, 2014 թվականի սկզբում Հայաստանի զբաղված բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 175 հազար 800 մարդ, իսկ արդեն տարեվերջին աշխատանք ունեցողների թիվը կազմել է 1 միլիոն 111 հազար 700 մարդ։ Փաստորեն, մեկ տարում աշխատանք ունեցողների թիվը պակասել է 64 հազար 100-ով։
«Այն, որ անցած տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններն ամեն կերպ կրճատում են իրենց աշխատողների թվաքանակը, դա հայտնի իրողություն է, և պայմանավորված էր ՀՀ իշխանությունների վարած հարկային և տնտեսական քաղաքականությամբ։ Այս փաստը չտեսնելու են տալիս միայն իշխանությունները, սակայն, ինչպես տեսնում եք, իրենց պաշտոնական վիճակագրությունը ևս վկայում է, որ զբաղմունք ունեցողների թիվն էապես նվազել է», ֊ գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում