ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը դժգոհ է այն փաստից, որ դատախազությունը որոշում է կայացրել ստորագրության դիմաց ազատ արձակել նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանին, ով մեղադրվում է Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ Ենոքյանը սպանությունը նախապատրաստում էր, որպեսզի չվճարի իր պարտքը Կարապետյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարապետյանն ասել է, թե ինքը շատ ջղայնացած է։
«Եթե մարդը կարա մեկին 8.5 միլիոն դոլար քցի, թռնի ու հետո իրան ազատ արձակեն, ուրեմն այդ մարդն ամեն ինչի ընդունակ է։ 8.5 միլիոն դոլարը քիչ փող ա՞, օդից ընկա՞վ։ Սիրտս տրաքում ա», ֊ ասել է Կարապետյանը։
Նա հայտարարել է, որ տվյալ գործում կան շատ մարդիկ, որոնք «կռիշ են» (տանիք) եղել Գոհար Ենոքյանին, սակայն հրաժարվել է նրանց անունները տալ։
«Հիմա անուններ չեմ տա, կգա ժամանակը, ես բոլորի դեմքը կպատռեմ ու բոլորի անունները կասեմ, որովհետև Գոհար Ենոքյանը մենակ շատ փոքր էր, որ ինձ կարողանար քցեր, ստեղ կան լիքը ուրիշ մարդիկ, որ վերցրել, տարել, կերել են։ Եթե էսօր ինձ քննադատում են, ասում են՝ էսքան փող որտեղից, ապա ասեմ, որ գույք եմ ունեցել, ծախել եմ, տվել եմ իրան ու ընկել վարկերի տակ իրանց երեսից։ Սպասում եմ՝ երկրի նախագահը գա, պիտի գնամ, պատմեմ, ասեմ՝ նախագահ ջան, դու էս պատմությունը գիտես։ Ու մենակ նախագահին կասեմ, թե ովքեր են եղել այս գործի «կռիշները», որ նախագահը իմանա, որ անարդար ձևով ինձ քցել են», ֊ ասել է Կարապետյանը։
Գոհար Ենքոյանը, իր հերթին, երեկ լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն անարդար են հետապնդում և ինքը պայքարելու է արդարության հասնելու համար։
Կարո Կարապետյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում