Մայիսի 14֊ին Թբիլիսիում կմեկնարկի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ներկայացնելու է ներդրումային ծրագրերի փաթեթ։ «Հայկական ժամանակ» օրաթերթում տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը նշում է, որ ՀՀ կառավարության համար Եվրոբանկի տարեկան գագաթնաժողովները երբեք այսքան կարևոր չեն եղել։
«Խնդիրն այն է, որ ներկա տնտեսական իրավիճակից ինչ֊որ կերպ դուրս գալու միակ ճանապարհը ՀՀ կառավարությունը տեսնում է խոշորամաշստաբ ծրագրերի իրականացման մեջ։ Արդեն մոտ կես տարի ՀՀ կառավարությունը փորձում է մեծ ներդրումներ հայթայթել նման ծրագրեր իրականացնելու համար, որի շնորհիվ թեկուզև կարճ ժամանակով պետք է ստեղծվեն աշխատատեղեր և մեղմվի տնտեսական ճգնաժամը։ Սակայն մինչ այժմ մեծ գումարներ «կպցնել» չի հաջողվել։ Երկարատև ու առանց շոշափելի արդյունքների բանակցություններ են վարվել, մասնավորապես Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ։ Բանակցություններ են վարվել նաև Ռուսաստանի, Չինաստանի և Քուվեյթի հետ։ Վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են վարվում արդեն Եվրոպական բանկի հետ։ Եթե սա չհաջողվի, ապա կարելի է համարել, որ ճգնաժամին դիմագրավելու կառավարության պլանը այլևս տապալված է։ Որքանո՞վ է հավանական, որ Եվրոբանկից հնարավոր կլինի ներգրավել խոշոր գումարներ։ Նկարտենք, որ կառավարության հաշվարկներով, ճգնաժամին դիմագրավելու համար անհրաժեշտ է 800 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլար առաջիկա մեկուկես֊երկու տարիների համար։ Այդ գումարը պետք է ներգրավվի կամ որպես պետական նոր պարտք կամ էլ որպես ներդրում մեր տնտեսության մեջ։
«ՀՀ պետական պարտքը հասել է ՀՆԱ 50%֊ին և պարտք վերցնելու կարողություններն անսահման չեն։ Գալիս է պահ, որ երկիրը այլևս չի կարող պարտք վերցնել»,֊ընդամենը նախօրեին այդպիսի հայտարարություն է արել Եվրոբանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը հրավիրված ասուլիսի ժամանակ։ Այսինքն՝ Եվրոբանկը այդքան էլ հակված չէ պետական խոշոր ծրագրեր ֆինանսավորել», ֊ գրում է հոդվածագիրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում