Home / Հայաստան / Առևտրականները հեռանում են «Մալաթիայից» տաղավարների գների և առևտրի բացակայության պատճառով․ «Հրապարակ»

Առևտրականները հեռանում են «Մալաթիայից» տաղավարների գների և առևտրի բացակայության պատճառով․ «Հրապարակ»

«Մալաթիա» տոնավաճառում առևտուրը կանգ է առել։ Նախկինում մեղվի փեթակի պես մարդաշատ տոնավաճառում այսօր գնորդներ չկան, առևտրականները չգիտեն պարապ ժամանակ ինչով զբաղվեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի լրագրողի՝ տոնավաճառում գտնվելու պահին առևտրականներից մեկը պատրաստվում էր տաղավարի բանալիները հանձնել տոնավաճառի տնօրինությանը։ «Անիմաստ պարտքեր եմ վզիս դնում, մի օր սրանից, մի օր նրանից գումար եմ պարտքով վերցնում, որ տաղավարի գումար տամ, ավելի լավ ա էլ չաշխատեմ, քան թե տոկոսների տակ ճռռամ»,֊ ասել է առևտրական Վարդանը։

«Իսկ ինչպե՞ս է անաշխատանք ապրելու» հարցին առևտրականը պատասխանել է․ «Կգնամ Մոսկվա, մի շինարարության վրա բանվոր կաշխատեմ, ուրիշ ճար չկա»։

Տաղավարների ամսավճարը 100֊160 հազար դրամ է։ Այդ գումարից բացի, այն առևտրականները, ովքեր տաղավարից զատ ունեն փոքրիկ սեղանիկներ, վճարում են օրական 1500 դրամ։ «Եթե տաղավարների գումարը նվազեցնի, մենք հաստատ կշարունակենք աշխատել։ Առաջ առևտուր կար, գումարը հավաքում էինք, մի բան էլ՝ ըստ պահանջի ապրում։ Հիմա ոչ գումարն ա հավաքվում, ոչ էլ կարողանում ենք ապրել»։

Առևտրականները «Հրապարակ»֊ին տեղեկացրել են, որ շուկայում վատ նորամուծություններ են մտցրել․ տնօրեն Ռադիկ Սարգսյանը որոշել է, որ առևտրականները պետք է առանց հանգստի աշխատեն։ «Երկուշաբթի օրը մենք հանգստանում ենք, բայց հիմա մեզանից պահանջում են, որ էդ օրն էլ աշխատենք։ Ես էլ ամեն օր 1500 դրամ սեղանիկի համար տալիս եմ, բանից դուրս է գալիս, որ երկուշաբթի օրն էլ պետք ա փող տամ»,֊ ասել է Վարդանը։

Տոնավաճառի աշխատակիցները կարծում են, որ այսպես փորձում են փակված տաղավարների վնասը նվազեցնել․ «Դե, փակում են, ամսական հարյուր քանի հազարը չեն վճարում, իրենք էլ տուժում են ու որ վնաս չունենան, էս միջոցով են ուզում խնդրին լուծում տալ։ Ախպեր, ես ինչի՞ պետք ա ավել փող տամ, ուզում ես քո դրության մեջ մտնենք, մենք էլ ուզում ենք, որ դու մեր դրության մեջ մտնես ու մեզանից ավել փող չվերցնես։ Եթե մենք չհամաձայնենք երկուշաբթի օրն աշխատել, համոզված եմ՝ զիջումների չեն գնա, հլը մի բան էլ կարող է էդ 1500 դրամն էլ բարձրացնեն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում