Բաքվում Ազադլիգ («Ազատություն») պողոտայի վրա գտնվող 16֊հարկանի բնակելի շենքերից մեկում այսօր՝ մայիսի 19֊ին, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, 63֊ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել․ նրանցից 30֊ը տեղափոխվել է հիվանդանոց, 9֊ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Contact.az կայքի փոխանցմամբ` Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ հրդեհի պատճառը շենքի երեսպատման անորակ նյութն է եղել։ Կայքն ընդգծում է, որ երեսպատման աշխատանքներն իրականացրել է «Գլոբալ քոնսթրաքշն» ընկերությունը, որի սեփականատերը ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դստեր ամուսինն է։
Հաղորդվում է, որ Բաքվում նման «դյուրավառ» երեսպատմամբ ծածկված է մինչև 800 բնակելի շենք։ Քաղաքի գործադիր իշխանություններին հանձնարարվել է սկսել տվյալ շենքերի առաջին հարկերի ապամոնտաժման աշխատանքներ ու պատրաստ պահել ջրով լի բեռնատար մեքենաներ՝ հնարավոր հրդեհները հանգցնելու համար։