Home / Տեսանյութեր / Դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը․ մարդիկ սատարում են զոհվածների ծնողներին (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը․ մարդիկ սատարում են զոհվածների ծնողներին (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

ԵԱՀԿ֊ն չպետք է ֆինանսավորի ՀՀ ոստիկանությանը, քանի որ այդ կառույցը բռնություն և տեռոր է իրականացնում։ Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը։

«ԵԱՀԿ֊ին դիմում֊պահանջ է ներկայացվել հարյուրավոր քաղաքացիների ստորագրությամբ՝ ոստիկանության ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով։ Եվ ինչ ենք մենք ստացե՞լ, ոչինչ, ավելին՝ ավելի է մեծացել ուժային կառույցների ցանկը, որը ֆինանսավորվում է տարբեր կառույցների՝ հատկապես ԵԱՀԿ֊ի կողմից», ֊ իր ելույթում ասել է Արթուր Գրիգորյանը։

«Ամեն զինվոր իմ որդին է», «Պահանջում ենք սպանությունների արդար քննություն», «Զինվորը պետք է պաշտպանված լինի», «Բանակը՝ մսաղաց» և նման այլ գրառումներով պաստառներով մոտ 100 քաղաքացիներ հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ դատապարտելով բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների դեմ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունները։ Այս տարվա ընթացքում նման երկու դեպք է գրանցվել․ մեկը՝ փետրվարի 11֊ին, մյուսը ՝ մայիսի 13֊ին։

Բողոքի ակցիայի մասնակիցները Հատուկ քննչական ծառայությանը կոչ են արել պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած ոստիկաններին, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ հրապարակավ ներողություն խնդրել տուժածներից։ Ակցիայի ընթացքում ստորագրահավաք է անցկացվել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան միանալ պահանջին։

1rallyarmy

Ակցիային մասնակցում էին մոտ 30 ՀԿ֊ների ներկայացուցիչները, անհատներ, իրավապաշպաններ, ԱԺ պատգամավորներ։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր գործընկերներին կոչ էր արել միանալ ակցիային։ Այսօր Մանուկյանի հետ ակցիային մասնակցելու համար եկել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Վերջինս ընդգծել է, որ ոստիկաններն իրավունք չունեին ուժ կիրառել խաղաղ ակցիա անցկացնող զոհվածների ծնողների նկատմամբ։

«Ոստիկանությունը կարող է ցրել ակցիան, եթե ակցիայի մասնակիցները անցել են բռնի գործողությունների, եթե հասարակական կարգին լուրջ վտանգ է սպառնում», ֊ պնդել է Զուրաբյանը։

«Եթե զոհված զինվորի մորը քարշ են տալիս, Հայաստանում որևէ քաղաքացի պիտի հանգիստ չքնի։ Եթե մեջներս մի քիչ արժանապատվություն կա, էդ ծնողների կողքին պետք է կանգնենք։ Հայաստանում ոչ մի զինվորի մատ փուշ չպիտի մտնի։ Սրա համար ենք հավաքվել։ Դահիճ են բոլոր նրանք, ովքեր այդ մարդկանց նկատմամբ բռնություն են կիրառում, վայրագ են, ենիչերի, ղզլբաշ»,֊ ասել է Արամ Մանուկյանը։

2rallyarmy

gaspari

Խաղաղ պայմաններում սպանված զինվորների հարազատներից այսօրվա ակցիային մասնակցում էր միայն 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի` մայրը Հասմիկ Հովհաննիսյանը։

Նախկինում ոստիկանների կողմից բռնության ենթարկված 2010֊ին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ վատառողջ է ու այդ պատճառով չի կարողացել ակցիային մասնակցել, իսկ 2013-ին զոհված Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, նշել է, որ հիվանդանոց է գնացել հետազոտության համար։

3rallyarmy

4rallyarmy