Բաքվից, մասնավորապես՝ կամուրջներից ու ստորգետնյա անցումներից, սկսվել են ջնջվել կամ ներկվել երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ու նրա հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հեղինակած արտահայտությունները։ Մայրաքաղաքում պակասել են նաև նմանատիպ բովանդակությամբ ու վերը նշված գործիչների դիմանկարներով պաստառները։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքը, Բաբեք կամուրջի տարածքում՝ «Ժողովուրդների բարեկամություն» մետրոյի կայարանի մոտ, վրայից ներկվել է գրությունն այն մասին, որ «կամուրջը կառուցվել է նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ»։
Այլ վայրերում Ալիևների հետքերն ամբողջությամբ չեն մաքրվել։ Հեյդար Ալիևի անվան այգում մնացել է նրա հուշարձանը, սակայն անհետացել են նրա պատկերով, ինչպես նաև նախկին նախագահի կյանքի ու գործունեության մասին պատմող պաստառները։
Հեյդար Ալիևի պատկերները հեռացվել են նաև նույնանուն պողոտայից ու «Գարա Գարաև» մետրոյի կայարանի տարածքից։
Ամիսներ առաջ Բաքվի գրեթե բոլոր խոշոր խաչմերուկները լի էին Իլհամ Ալիևի հեղինակած արտահայտություններով։ «Ռադիո Ազադլիգ»֊ի աշխատակիցը Հեյդար Ալիևի անվան մարզահամերգային համալիրի, Դրամատիկական ազգային թատրոնի, ՆԳՆ֊ի ու Հեյդար Ալիևի պալատի տարածքում հաշվել է կրտսեր Ալիևի 12 մեջբերում։ Մայիսի կեսերի դրությամբ՝ արտահայտությունների մեծ մասն անհետացել է։
Անհետացած արտահայտություններից են՝ «Ադրբեջանի զարգացումը հաջող կլինի, կայուն ու երկարատև», «Մեր նպատակն է զարգացնել մեր պետությունը», «Մենք պետք է ամեն ինչ մեր ուժերով անենք․ մեզ այդ ուղին է ցույց տվել մեր համազգային առաջնորդը» և այլն։
Բաքվի գործադիր ու շրջանային իշխանություններն իրավիճակը չեն մեկնաբանում։ Խաթաինի շրջանի ղեկավարությունն ասել է, որ անհետացումների պատճառներն իրենց էլ հայտնի չեն։
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Արասթուն Օրուջլուի կարծիքով, Բաքվի կենտրոնից Ալիևների հետքերը մաքրելով՝ երկրի իշխանությունները փորձում են Եվրոպական խաղերին ընդառաջ իրենց ներկայացնել որպես ժողովրդավարներ։ «Նրանք հասկանում են, որ դա լավ չէ, ու օտարերկրացիները, այդ ամենը տեսահանելով, ցույց կտան արտասահմանում»,֊ ասել է քաղաքագետը։
Հրապարակախոս Զամին Հաջին այդ գործընթացը հեգնանքով անվանել է ժողովրդավարության հաղթանակ․ «Ես իրականում կատակելու ցանկություն չունեմ, երկրում հարյուրավոր քաղբանտարկյալներ կան, ճնշումները շարունակվում են, ու ելքը չի երևում։ Այս իրավիճակում իշխանություններն արտաքնապես իրենց գովազդում են Եվրոպական խաղերով ու նման այլ երևույթներով։ Կա նաև ներքին գովազդ՝ Հեյդար Ալիևի պաստառներն ու կարգախոսները։ Նրանք հասկանում են, որ արտաքին ու ներքին գովազդներն իրար հակասում են։ Արտասահմանում իրենց որպես եվրոպացի, ժողովրդավար են ներկայացնում։ Իսկ ահա երկրի ներսում կռապաշտություն է տիրում, իսկ դա ավտորիտարիզմի նշան է․ մի անձի պատկերներ ու արտահայտություններ։ Այդ մեջբերումներն անգամ իմաստ չունեն՝ «Կամուրջը ճանապարհի մի մասն է», «Ուժեղ տնտեսությամբ երկիրն ամեն ինչի ընդունակ է», «Մասալն Ադրբեջանի մասն է», և այլն։ Արտասահմանցիներն այդ կարգախոսների վրա ծիծաղում են»։
Հաջիի խոսքով՝ երեք տարի առաջ, երբ Ադրբեջանում անցկացվում էր Եվրատեսիլ երգի մրցույթը, օտարերկրա լրագրողերն իրենց ռեպորտաժներում հաճախ էին օգտագործում այդ պատկերներն ու արտահայտություններն ու ոչ միանշանակ ակնարկներ անում։ «Հենց այդ պատճառով էլ մաքրում են։ Հավանաբար, Եվրոպական խաղերից հետո կվերականգնեն»։