Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները, ովքեր կարկուտի հետևանքով կորցրել են բերքի զգալի մասը, համոզված են, որ իրենց փոխհատուցում տալու հարցը կարող են լուծել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Նարեկի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Նրա խոսքով՝ իրենք մեծ հույսեր չեն կապում գյուղ այցելած մարզպետարանի և գյուղնախարարության պաշտոնյաների հետ:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ու Արարատի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը, կարկուտի հաջորդ օրը՝ մայիսի 24-ին, եկել էին գյուղ վնասի չափը տեսնելու համար, սակայն փոխհատուցման մասին կոնկրետ ոչինչ չեն ասել։
Գյուղացիները հիշում են, որ անցյալ տարի, երբ ցրտահարություն էր գրանցվել և բերք չկար, ՀՀ կառավարությունը որոշեց իրենցից չպահանջել հողի հարկը:
«Դա հիմա եթե առաջարկեն, ուղղակի անիմաստ է: Մարդը 2-3 միլիոն դրամի եկամուտ է կորցրել, նրա հողի հարկը՝ 6-7 հազար դրամ», – ասել է մեր զրուցակիցը:
Երեկ Նարեկում փոխհատուցման պահանջով բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայից հետո արդեն աշխատանքային խումբ է գյուղ եկել՝ գյուղատնտեսության նախարարության վարչություններից մեկի պետի գլխավորությամբ՝ վնասը հաշվարկելու և մարզպետարան ուղարկելու համար:
Համայնքում մոտ 300 տնտեսություն կա: Գյուղը հայտնի է նրանով, որ հանդիսանում է ողջ Հայաստանի ծառերի տնկիների մատակարարը: Մեր զրուցակիցը նշել է, որ կարկուտի հետևանքով վնաս են կրել նաև տնկիները: