Կաթ մթերողները Վարդենիսի տարածաշրջանի գյուղացիներից այլևս կաթ կամ չեն մթերում կամ մթերման գները խիստ նվազեցնում են: Այս մասին Վարդենիսի գյուղերի բնակիչներից ահազանգ է ստացել «168 ժամ» պարբերականը։
«Գյուղացին խուճապի է մատնվել՝ չիմանալով՝ ինչպես վարվել այս իրավիճակում: Եթե նախկինում տարվա այս եղանակին նրանք մթերում էին 1 լիտրը 180 դրամով, այսօր նրանք գյուղացուն ստիպում են վաճառել 90-100 դրամով», ֊ գրում է թերթը:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պարբերականի հետ զրույցում հաստատել է լուրը՝ ներկայացնելով գների նվազման պատճառը. «Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում ներկրվել է շատ էժան կաթի փոշի: Սա ակնհայտ խաբեություն է սպառողի նկատմամբ, որովհետև կաթնամթերք արտադրող շատ ընկերություններ գովազդում են իրենց «անարատ» կաթը, բայց բանից պարզվում է՝ այսօր Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի և այդ կաթի փոշով բիզնես են անում, որն ավելի շահութաբեր է:
Ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ»:
Թերթը նշում է, որ գյուղացիները ստիպված սկսել են համատարած մորթել անասուններին։
«Սպանդը սկսել ենք, անասնագլխաքանակը պակասեցնում ենք: Եթե մի տարի այսպես շարունակեն՝ ահագին կպակասի: Ես արդեն 10 անասուն եմ մորթել»,- «168 ժամ»֊ի հետ զրույցում ասել է ֆերմերներից մեկը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում