հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երկու կալանավոր չոր հացադուլ են սկսում․ նրանց դեմ մեղադրանքները չեն հաստատվում․ «ՀԺ»

Երկու կալանավոր չոր հացադուլ են սկսում․ նրանց դեմ մեղադրանքները չեն հաստատվում․ «ՀԺ»

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չոր հացադուլ են սկսում կալանավորներ Սիրակ Սաքանյանը և Կամո Հայրապետյանը, որոնք 5 ամիս է՝ կալանքի տակ են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ նրանց առաջադրված մի մեղադրանքը չհաստատվելուց հետո՝ դատախազն առաջադրել է նոր մեղադրանք՝ այլ հոդվածով, որը հաստատող ապացույցներ ևս չկան։

Դեկտեմբերի 31-ին Էրեբունի փողոցում ավտովթար էր տեղի ունեցել, վարորդներն աղմուկ էին բարձրացրել, իսկ ուղևորներից Սաքանյանն ու Հայրապետյանը և նրանց 2 ծանոթները բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Սաքանյանին և Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկաններին դիմադրելու համար։ Այս մեղադրանքի շրջանակներում երկուսին էլ 5 ամիս պահել են կալանքի տակ, սակայն մինչև հիմա մեղադրանքը չի հաստատվել՝ ապացույցների բացակայության պատճառով։ Վկաները բացառապես ոստիկաններ են, որոնց մոտ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ հակառակը՝ բերման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ են ստացել Սաքանյանն ու Հայրապետյանը։ Նրանք այս փաստով հայտարարություն էին ներկայացրել, սակայն քրգործ չի հարուցվել։

5 ամսվա քննությունից հետո այժմ մեղադրող կողմը փոխել է հոդվածը՝ նրանց մեղադրելով խուլիգանության մեջ։ Փաստաբան Ալիխանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ այս մեղադրանքը ևս հերքվում է։

«Դեպքի վայրի տեսախցիկների նյութերն ուղարկվել են փորձաքննության, բայց խուլիգանության կամ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության որևէ կադր չկա։ Ցուցմունք տվողներն էլ շահագրգիռ անձինք են՝ ոստիկանության աշխատակիցներ։ Այլ ապացույցներ դեռևս չկան»,֊ նշել է փաստաբանը։

Թերթը հիշեցնում է, որ Սաքանյանն ու Հայրապետյանը 1 անգամ արդեն չոր հացադուլ են արել՝ փետրվարին։ Հացադուլը դադարեցվել էր պայմանով, որ քննությունը չպետք է կեղծվի։

Այժմ նրանց պահանջն է՝ տեսակցել գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, Քննչական կոմիտեի նախագահի, ՄԻՊ֊ի կամ նրանց ներկայացուցիչների հետ։