Բրիտանական Guardian պարբերականը գրում է, թե ինչպես է Իրանում փոխվել վերաբերմունքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերջին երկու տարիներին։
Երբ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին անցյալ տարի ճանապարհում էին Բրազիլիա՝ Աշխարհի գավաթին մանսակցելու, ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրանիկ Թեյմուրյանը կանգնած էր իր թիմակիցների կողքին՝ սպասելով իր հերթին համբուրելու իսլամի սուրբ գիրքը՝ Ղուրանը։
Guardian֊ի թղթակից Սայիդ Քամալի Դեհղանը նշում է, որ թեև իրանահայ Թեյմուրյանը մահմեդական չէ, նա, չցանկանալով խնդիրներ ստեղծել, կատարեց Աշխարհի գավաթ ուղևորվողների համար նախատեսված ծիսակարգը։ Հոդվածագիրը նշում է, որ Ղուրանը պահող հոգևորականը այդ պահին չէր թաքցնում իր զվարճանքը (լուսանկարում)։
32֊ամյա կիսապաշտպանը, որը հայտնի է որպես Անդո, կամ՝ Սամուրայ՝ շնորհիվ իր սանրվածքի, չի խուսափում ցուցադրել իր քրիստոնյա լինելը՝ հաճախ խաչակնքվելով խաղադաշտում։ Ապրիլին Թեյմուրյանը դարձավ Իրանի հավաքականի առաջին քրիստոնյա ավագը։
«Ուրախ եմ, որ, լինելով քրիստոնյա, խաղում եմ մահմեդական թիմում»,֊ վերջերս տված հացազրույցներից մեկում ասել է նա․ «Ես ունեմ հայկական արմատներ, բայց ունեմ իրանական անձնագիր ու հպարտ եմ դրանով։ Ես դրոշս բարձր եմ պահում։ Հուսով եմ՝ կկարողանամ նպաստել Իրանում հայ ժողովրդի բարի համբավին»։
Guardian֊ի թղթակիցը նշում է, որ Էթնիկ հայերը Իրանի շուրջ 300․000 քրիստոնյաների մեծամասնությունն են կազմում։ Հայերն ամբողջովին ինտեգրված են Իրանի հասարակությանը՝ սկսած երգահան, դիրիժոր Լորիս Ճգնավորյանից մինչև Սմբատ Հակոբյան, ով հիմնադրել է երկրի՝ տղամարդկանց հագուստի ամենահայտնի բրենդերից մեկը։
Թեև Իրանի պաշտոնական կրոնը իսլամն է, այն ընդունում է քրիստոնյաներին, հրեաներին ու զրադաշտներին որպես կրոնական փոքրամասնություններ։ Նրանք ունեն իրենց պաշտամունքի տները, որտեղ իրականացնում են կրոնական ծիսակատարություններ, և ունեն իրենց մշտական տեղը Իրանի խորհրդարանում։ Երկրում, որտեղ ալկոհոլն ու խոզի միսը արգելված են, քրիստոնյաներին թույլատրվում է խմիչք հայթայթել և խոզի միս ուտել։
Երբ Հասան Ռուհանին եկավ իշխանության 2013 թվականին, նա Ալի Յունեսիին՝ հետախուզության նախկին նախարարին, նշանակեց որպես իր հատուկ օգնական փոքրամասնությունների հարցերով։ Նման պաշտոն նախկինում գոյություն չուներ։ Այդ պահից ի վեր, էական բարելավումներ են գրանցվել, սակայն դեռևս առկա են մի շարք լուրջ խնդիրներ։
Ապրիլին, որպես Իրանի հյուսիսային հարևան, Հայաստանը նշեց 1915 թվականի ցեղասպանության հարյուրամյակը։ Իրանի կառավարությունը, որը սովորաբար անհանգստություն է ցուցաբերում հանրային հավաքների նկատմամբ, հազվադեպ որոշում ընդունեց՝ թույլ տալով Իրանի հայերին բողոքի ցույց անցկացնել Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև։
Այլ փոքրամասնությունների նկատմամբ պաշտոնական վերաբերմունքը նույնպես փոխվել է։ Փետրվարին Յունեսին հայտարարեց, որ հրեա ուսանողներն այլևս պարտավոր չեն շաբաթ օրերին դպրոց հաճախել։ Իրանում դպրոցական շաբաթը սկսվում է շաբաթ օրն ու տևում մինչև հինգշաբթի, իսկ ուրբաթը իրանական շաբաթվա վերջն է։
Ռուհանիի վարչակազմը փորձում է վերականգնել Իրանի հեղինակությունը, հատկապես հրեա համայնքի նկատմամբ երկրի պաշտոնական դիրքորոշման տեսանկյունից․ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դրան բավական մեծ վնաս էր հասցրել Հոլոքոստի ժխտմամբ ու հակահրեական ելույթներով։
ՄԱԿ֊ի գլխավոր ասամբլեայի իր առաջին այցի ժամանակ՝ Ռուհանին Իրանի միակ հրեա պատգամավորին իր պատվիրակության կազմում տարավ Նյու Յորք, դատապարտեց նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները՝ դրանք որակելով մարդկության դեմ հանցագործություն, թվիթերյան գրառումով շնորհավորեց հրեական Նոր տարին, ու պատվեց 1980֊ականների Իրաքի դեմ 8 տարի տևած պատերազմում իրենց կյանքը զոհաբերած Իրանի հրեա զինվորներին։
Իր նշանակումից ի վեր՝ Յունեսին, ով մահմեդական հոգևորական է, այցելել է մի շարք ժողովարաններ ու եկեղեցիներ երկրի տարածքում։ Շիրազ քաղաքում կատարած նման մի այցից հետո նա, ըստ տեղական ԶԼՄ֊ների, ասել է․ «Իրանը պատկանում է բոլոր իրանցիներին՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, ու նրանք բոլորն ունեն խաղաղ ապրելու իրավունք։ Ոչ ոք իրավասու չէ ճնշել կամ խախտել փոքրամասնությունների իրավունքները։ Մենք բոլորս հավասար ենք»։
Զրադաշտականության վիճակը շատ ավելի բարվոք է։ Մինչև իսլամի հայտնվելը՝ իրանցիները զրադաշտ էին, ու երկրի մշակույթը մահմեդական ու զրադաշտական ավանդույթների խառնուրդ է։ Բազմաթիվ ավանդույթներ եկել են հենց հին ժամանակներից․ Նովրուզը՝ պարսկական Նոր տարին, որը սուրբ տոն է զրադաշտների համար, ամենակարևոր տոնն է նաև միլիոնավոր իրանցի մահմեդականների համար։
Այս բարեփոխումների ֆոնին, սակայն, կա մի ուշագրավ բացառություն՝ բահայական հավատքը, որի հետևորդները ենթարկվում են հալածանքների ու, անգամ, կալանավորվում։