հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բաքուն փակում է ԵԱՀԿ֊ի գրասենյակն իրեն մտերիմ համակարգողի հետկանչումից հետո

Բաքուն փակում է ԵԱՀԿ֊ի գրասենյակն իրեն մտերիմ համակարգողի հետկանչումից հետո

Պաշտոնական Բաքուն առանց որևէ պատճառաբանության արգելել է ԵԱՀԿ֊ին աշխատել երկրում։ Ավելի վաղ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողը հետ էր կանչվել Ադրբեջանից երկրի ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով։

Բաքվի հայտարարությունը հետևել է արևմտյան չինովնիկների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությանը։ Իրավապաշտպան կազմակերպությունները գտնում են, որ Բաքուն ջանքեր է գործադրում ընդդիմությանը վարկաբեկելու համար նրանից հետո, երբ Իլհամ Ալիևը 2013թ․ երրորդ անգամ անընդմեջ երկրի նախագահ է վերընտրվել։ ԵԱՀԿ֊ն Ադրբեջանի կառավարության ամենախիստ քննադատներից էր, նշում է «Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանի ծառայությունը, որն այժմ փակել են։

Երեկ Turan գործակալությունը, հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 3-ին Վիեննա՝ ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակ

հետևյալ բովանդակությամբ նամակ է հղել․ «Ադրբեջանի կառավարությունը փաստում է, որ այլևս Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կառավարությունը 2015թ. հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված պայմանագիրը:

Կառավարությունը ԵԱՀԿ-ին տրամադրում է մեկամսյա ժամկետ՝ ավարտելու նման իրավիճակով պայմանավորված տեխնիկական հարցերը»:

Հաղորդվում է, որ հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին հայտնել է Բաքվի որոշման մասին։ Ադրբեջանի ԱԳՆ֊ն կամ այլ կառույցներ որոշումն առայժմ չեն մեկնաբանել։

Երկու տարի առաջ Բաքուն սկսեց կրճատել ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունը երկրում՝ դեսպանի մակարդակից այն հասցնելով ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մակարդակի։ Ինչպես նշում է Contact.az-ը, այժմ Բաքուն նման կտրուկ քայլի է դիմել՝ արձագանքելով ծրագրերի համակարգող Ալեքսիս Շահթախթինսկիի լիազորությունների դադարեցմանը, ում ԵԱՀԿ֊ում մեղադրել են Ադրբեջանի իշխանությունների հետ չափազանց սերտ հարաբերություններ ունենալու մեջ։

«Նման կերպ Բաքուն հասկացնում է, որ չի ցանկանում իր երկրում ԵԱՀԿ֊ի իսկապես անկախ ներկայացուցիչների տեսնել», – նշում է կայքը։

Անցյալ տարվա նոյեմբերին ԵԱՀԿ մամուլի քարտուղար Դունյա Միյատովիչը հայտարարել էր, որ Ադրբեջանի գրեթե բոլոր անկախ ԶԼՄ֊ների ներկայացուցիչները և մեդիա կազմակերպությունները հետապնդման են ենթարկվում հաճախ անհիմն մեղադրանքներով։ Ադրբեջանը հերքել էր քննադատությունը՝ հայտարարելով, որ դրանում օբյեկտիվության պակաս կա։