Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, երկրում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ, օրինակ, Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 800 ընտրող, մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 300 է: Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հազար է, իսկ բնակչության պաշտոնական թիվը` 21 300:
«Այսինքն՝ ստացվում է, որ Աբովյանում և Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, այդ քաղաքներում մինչև տասնութ տարեկան երեխա գրեթե չկա: Իսկ Ալավերդի քաղաքի դեպքում իրավիճակն ավելի խայտառակ է, այստեղ ընտրողների թիվը մոտ 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից: Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 474: Իսկ թե քանի հանգուցյալ կա ցուցակներում, դժվար չէ կռահել», – նշում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում