Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել։ Այս մասին երեկ երեկոյան հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։ Պաշտոնական աղբյուրը ձերբակալվածների անունները չի նշում։ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևանդյանի որդին է։
Նշենք, որ ԶԼՄ֊ներում տարածված տեղեկատվության համաձայն, մայիսի 2-ի երեկոյան Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսում մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ ընթացող մեքենայի ուղևորների՝ Հարություն Զաքարյանի և նրա եղբոր՝ Մուշեղ Զաքարյանի հետ։ Երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները գնացել են նշված տարածք, որտեղ նրանց դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ․ եղբայրներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով։ Հարություն Զաքարյանը Epress.am֊ի հետ զրույցում պատմել է, որ միջադեպի հետևանքով ինքը կորցրել է աջ աչքի տեսողությունը, իսկ մյուս աչքի տեսողություն վատացել է 40 տոկոսով։