ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս տեխնիկական խնդիրներ ունի արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար ու հայտնում ենք, որ ձեռնամուխ ենք եղել խնդրի շուտափույթ կարգավորման ու համակարգի ամբողջական գործունակության վերականգնման աշխատանքներին:
Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015թ. մայիսի 26-ից և դրանից հետո ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում: Եթե դուք նշված ժամանակահատվածում ԱՄՆ անձնագրի դիմում եք ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և առաջիկա 10 օրերին ճամփորդական պլաններ ունեք, ապա դիմեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հատուկ կամ ճգնաժամային անձնագիր ստանալու համար:
Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն նաև 2015թ. հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում: Անհետաձգելի ուղևորությունների պարագայում խնդրում ենք կապ հաստատել հարցազրույցների նշանակման գրասենյակի հետ։ Անհետաձգելի մարդասիրական կարիքներով ԱՄՆ ուղևորվողները կարող են գրել մեզ [email protected] էլ. փոստի հասցեով», ֊ ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: