Իռլանդական U2 ռոք խմբի մենակատար Փոլ Դևիդ Հյուսոնը, ով առավել հայտնի է Բոնո բեմական անվամբ, հանդես է եկել ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների։
Ադրեջանական Meydan TV֊ի փոխանցմամբ, Մոնրեալում հունիսի 12֊ին, 13֊ին և 14֊ին կայացած համերգների ժամանակ Բոնոն բեմից հայտարարել է իր՝ «կալանքի տակ գտնվող վեց ընկերների մասին, որոնց միակ հանցանքն այն է, որ հայտնել են իրենց կարծիքը»։ Այնուհետև երգիչը թվել է կալանավորված լրագրողներ և իրավապաշտպաններ Էմին Հուսեյնովի, Հադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջավարովի և Ինթիգամ Ալիևի անունները։ Միաժամանակ, բեմում հայտնվել են վերջիններիս պատկերները։
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ «Սպորտը հանուն իրավունքի» նախագծի համակարգող Ռեբեկա Վինսենթը, ում Բաքվից արտաքսել էին Եվրոպական խաղերին ընդառաջ, ասել է․ «Մենք խորապես հուզված ենք, որ Բոնոն հիշատակել է ձերբակալված ադրբեջանցի հանրային ակտիվիստներին։ Դա վկայում է այն մասին, որ աշխարհը հասկանում է՝ ինչ է տեղի ունենում այդ երկրում, ու չի պատրաստվում լռել»։