Գյումրիում ռուսաստանցի զինծառայող, 19-ամյա Իվան Նովիկովի սպանության գործի շրջանակներում ձերբակալվել է նրա ծառայակիցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը։
Վերջինս չի նշել ձերբակալված զինծառայողի անունը, հայտնել է միայն, որ նա պայմանագրային զինծառայող է։ Նովիկովի դանակահարությունը տեղի է ունեցել զինծառայողների միջև ծագած վիճաբանությունից հետո։ Ավելի ուշ ռուսաստանյան ԶԼՄ֊ները հայտնել են, որ ձերբակալվածը 21-ամյա Իվան Բոսխոմջիևն է, ով Գյումրիում ծառայության է անցել 2013 թվականի դեկտեմբերին։
Իվան Նովիկովի դին կտրող֊ծակող գործիքից հասցված վնասվածքներով գտել են այսօր առավոտյան ռազմաբազայի հարևանությամբ գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ։ Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր֊ի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։