Հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ուժ է կիրառել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող խաղաղ բողոքի ակցիան ցրելու համար, ինչը մտահոգությունների առիթ է տալիս, որ այդ ընթացքում հնարավոր է մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել։ Այս մասին ասված է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության հունիսի 24-ին տարածած հաղորդագրության մեջ:
Իրավապաշտպանները նշում են, որ իշխանությունները պետք է անհապաղ մանրամասն և անաչառ հետաքննություն անցկացնեն ու պարզեն՝ արդյո՞ք ոստիկանների գործողությունները համաչափ են եղել, և այդպիսին չլինելու դեպքւոմ պատասխանատվության ենթարկեն այն պաշտոնյաներին, ովքեր անհամաչափ ուժ գործադրելու հրաման են տվել։
Human Rights Watch֊ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան ընդգծել է, որ եթե անգամ Երևանում անցկացված ցույցը արտոնված չէր, դա չի արդարացնում հիմնականում խաղաղ ցուցարարների և միջոցառումը լուսաբանող լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունները։
Նա ընդգծել է, որ ցուցարարներին ծեծի ենթարկած և լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Կազմակերպությունն իր կայքում հունիսի 23-ի դեպքերին առնչվող հայաստանյան ԶԼՄ֊ների տեսանյութեր է տեղադրել, մեջբերել այդ օրը ցույցը լուսաբանող հայաստանցի լրագրողների վկայությունները։ Իրավապաշպանները նշում են, որ խաղաղ ակցիայի կազմակերպիչը՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը քաղաքական որևէ ուժի չի հարում։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան մարդիկ կրկին հավաքվել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում և սկսել անժամկետ նստացույցը։