Բաղրամյան պողոտայի ցուցարարների որդեգրած ոճը հաջողություն չի բերելու, այսօր ՀՀ կառավարության նիստին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կենտրոնական պողոտաներից մեկը փակելը, քաղաքացիների ազատ տեղաշարժը խաթարելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, կարծիք է հայտնել վարչապետ՝ նշելով, որ ցուցարարների նման մոտեցումը կառուցողական չէ։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է ցանկացած հարց քննարկել։
«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:
Օրինակ՝ հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները և շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը՝ թույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին: Միայն 2007 թվականից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը: Մեկ այլ օրինակ, սպառողի և տեսուչի միջև հանցավոր համաձայնության հետևանքով առաջացած կորուստները ևս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում: Վատ կառավարումից բխող նման չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, քանի որ նվազել է իր շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի բարձրացման հիմքում:
Մեկ այլ մտայնություն կապված է ճոխության հետ, երբ ընկերությունը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, ճոխ բնակարանների և առանձնատների վարձակալության վրա, վճարում է անհիմն բարձր աշխատավարձ ղեկավար կազմին: Այս դեպքում ևս պատասխանատու հայտարարում եմ, որ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Օրինակ, առանձնատների և բնակարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է զրո դրամով, իսկ մեքենաների վրա ծախսված գումարը նվազեցվել է երեք անգամ:
Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է բարձրացել սակագինը: Դրա համար առկա է երեք հիմնական պատճառ`
֊ Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր:
֊ Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տևել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա ևս բերել է լրացուցիչ ծախսերի:
֊ Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար, դա ևս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա», ֊ նշել է Աբրահամյանը: