Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի բարդ ընտրությունը

Սերժ Սարգսյանի բարդ ընտրությունը

Հայկական «մայդանն առանց քաղաքական գործիչների»

հեղինակ՝ ուկրաինացի լրագրող Վիտալի Պորտնիկով

Հրապարակվել է espreso.tv֊ում

Վստահ չեմ, որ Երևանում ու Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող իրադարձություններն արժե համեմատել Մայդանի հետ․ համենայնդեպս՝ այս պահին։ Կա, սակայն, նմանություն այն գործընթացի հետ, որն սկսվեց Ուկրաինայի կառավարության՝ եվրոպական ինտեգրումից հրաժարվելուց անմիջապես հետո։ Այն ժամանակ Մայդանում ու ուկրաինական այլ քաղաքների հրապարակներում հավաքվեցին մեծ թվով մարդիկ, որոնք պնդում էին՝ իրենք հեռու են քաղաքականությունից, սակայն ցանկանում են՝ իշխանությունը լսի իրենց։

Կար համոզմունք, որ բողոքի այդ ձևը՝ «առանց քաղաքական գործիչների», նույնիսկ շահավետ էր իշխանության համար։ Բայց հենց այն հանգեցրեց ուսանողների ծեծերին ու բազմահազարանոց ակցիաների մեկնարկին։

Այն, որ երևանյան ցուցարարները քաղաքական ընդդիմադիրներ չեն, նախագահ Սարգսյանին նույնքան ձեռնտու է, որքան «առանց քաղաքական գործիչների Մայդանը» ձեռտնու էր նախագահ Յանուկովիչին։ Ավտորիտար ռեժիմների խնդիրը, թերևս, առաջին հերթին այն է, որ նրանք չեն ցանկանում երկխոսության դուրս գալ, այլ՝ ուղղորդել դեպքերը։ Եվ ի վիճակի չեն հասկանալ իրենց այս կամ այն գործողությունների հետևանքները։

Նախագահ Սարգսյանը դեռևս չի պատրաստվում բավարարել բողոքի ցույցերի մասնակիցների պահանջները։ Իսկ ցուցարարները չեն պատրաստվում բանակցել նրա հետ, կամ, նույնիսկ, հանդիպել։ Նման դիմակայությունը կարող է ցանկացած պահի, ինչպես ասում են, հունից դուրս գալ, վերածվել ուղիղ բախման ներքին գործերի մարմինների ու ակցիայի մասնակիցների միջև։ Ու եթե Երևանուն հաշվի չառնեն Կիևի դասերը, բողոքի քաղաքականացումն ու ռեժիմի տապալումը երաշխավորված է։

Այլ հարց է՝ որն է Կիևի դասը։ Յուրաքանչյուր խելամիտ մարդու համար Կիևի դասն իշխանությունների ու բողոքի մասնակիցների միջև երկխոսության անհրաժեշտությունն է, փոխզիջումներ գտնելը, ուժ չկիրառելը։ Իսկ ահա Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար, որի հետ Սարգսյանը պարտավոր է հաշվի նստել, Կիևի դասը կայանում է «ամերիկացի գործակալներին» արագ ու դաժանաբար ցրելու մեջ։ Պուտինը ոչ միայն չի հավատում ժողովրդին, նա ատում է նրան։ Ժողովուրդը միակ բանն է, որ կարող է զրկել նրան բռնազավթված իշխանությունից ու գողացված փողերից։ Ինչպե՞ս կարելի է բանակցել նրա հետ։

Նախագահ Սարգսյանին այսօր բարդ ընտրություն է սպասվում։ Նա կամ կգնա երկխոսության ուղով, ինչն էականորեն կթուլացնի նրա դիրքերն ու կբերի ռեժիմի ժողովրդականացման, ընդդիմության ուժեղացման, նոր ընտրությունների ու իշխանության պարտության, կամ՝ կգնա ցրման ուղով, ինչն էականորեն կթուլացնի նրա դիրքերն ու կբերի ռեժիմի ժողովրդականացման, ընդդիմության ուժեղացման, նոր ընտրությունների ու իշխանության պարտության։

Իրավիճակն այնքան էլ գրավիչ չէ, բայց այն պայմանավորված է հենց Հայաստանի նախագահի կառավարման ոճով։ Աղքատ երկրում, իսկ Հայաստանն աղքատ երկիր է, չի կարելի հրաժարվել հանրային երկխոսությունից։ Չի կարելի հայտնվել ուրիշի կամքի կատարողի դերում, եթե անգամ դա Պուտինն է։ Չի կարելի մարդկանց մտցնել սոցիալական փակուղի ու նրանց զրկել քաղաքական այլընտրանքից։

Ահա՝ որոնք են Մայդանի դասերը։  

Tekali Taxi