Home / Տեսանյութեր / VIP-զոնա և բարքերի ոստիկանություն՝ երևանյան բարիկադների մոտ

VIP-զոնա և բարքերի ոստիկանություն՝ երևանյան բարիկադների մոտ

Երևանյան շուրջորյա նստացույցի չորրորդ օրվա առանձնահատկություններն էին արտոնյալների տարածքի վերահսկողության խստացումը, ֆիդայական երգ ու պարից կարճատև հանգիստը, նամուսի վերահսկողությունը, Ռուսաստանից ժամանած լրագրողները և կազմակերպիչների կարճ հիշողությունը։

ընտրյալները

Աղբամանների և ոստիկանական պատնեշի միջև առանձնացված տարածքը մինչ օրս էլ էր վերահսկվում հավաքի նախաձեռնող խմբի ներկայացուցիչների կողմից։ Սակայն այնտեղ կարելի էր հայտնվել նույնիսկ առանց լրագրողական կամ պատգամավորական վկայականի, ճանաչելի արտաքինի կամ հոգևորականի հագուստի։

Մարդկանց կենտրոնացումը տվյալ հատվածում շատ նոսր է, կան նստելու տեղեր։ Այսօրվանից մուտքը աղբամաններից այն կողմ ավելի խիստ են վերահսկում։ Թողող-չթողողներն ու ոստիկանները դա բացատրում են սադրանքների վտանգի կտրուկ աճով։ Հանրահավաքի որոշ մասն ըմբռնումով է մոտենում խստացմանը, միևնույն ժամանակ ավելանում է մարդկանց թիվը, ովքեր չեն թաքցնում զայրույթը արտոնյալների համար հատուկ տարածք ստեղծելու կապակցությամբ։

ոչ «զարթնիր, Լաո», ոչ «Գետաշեն», ոչ էլ քոչարի

Երաժշտական ֆոնի հարցում հոսանքի թանկացման դեմ ակցիան գնաց հայաստանյան հանրահավաքների ավանդական ճանապարհով, այն է՝ ռազմա-հայրենասիրական երգն ու պարը։ Այսօր զուռնա-դհոլին որոշ ժամանակով հանգիստ տվեց վանաձորյան «Որդան կարմիր» խումբը։ Այսպիսով, ռոքը շարունակում է իր հաղթարշավը՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ System of a Down-ով զանգվածների «դաբռոն» ստանալով։

համարյա «գործ տվողներ»

Հունիսի 23-ի ծեծ ու ջարդը կարծես մոռացած նախաձեռնող խմբի անդամներն ակտիվ շփվում էին համազգեստավորների՝ հատկապես Վլադիմիր Գասպարյանի և Վանո Սիրադեղյանից հետո ամենաճանաչված միլիցու՝ մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Կազմակերպիչները պարբերաբար «սադրիչներ» էին ֆիքսում և ուսադիրներով մարդկանց հորդորում բռնել և տանել դրանց։ «Նրանք ալկոհոլ են օգտագործում և կապ չունեն մեզ հետ», – համոզում էին ակտիվիստները։ Օսիպյանը թերահավատ էր։

նամուսի պահապանները

Օրվա ևս մեկ առանձնահատկությունը հանրահավաքի տարածքում պտտվող և կազմկոմիտեի անդամներ ներկայացող տղաներն էին։ Նրանք մոտենում էին կանանց և կոչ անում հրաժարվել «հայուհուն ոչ վայել» պահվածքից և հագուկապից։ Բարքերի ոստիկաններին վրդովվեցնում էին, օրինակ, ծխող և «անճոռնի» գույնով մազերը ներկած կանայք։ Վերջիններս առաջարկում էին չմոռանալ հանրահավաքի դրդապատճառները և զբաղվել բացառապես սեփական արտաքին տեսքով և ներքին աշխարհով։

տարօրինակ պաստառ

Բարիկադների աղբամանների մոտ իրենց հերթական սյուժեներն էին պատրաստում ռուսաստանյան լրագրողները՝ «Ռոսիա» և Russia Today հեռուստաալիքների աշխատակիցները։ Բարձր երաժշտությունը հնարավորություն չէր տալիս լսել նրանց խոսքը, սակայն երևում էր, որ լրագրողներից մեկը ցույց էր տալիս աղբամաններից մեկին ամրացված պաստառին, որի վրա ոստիկան էր նկարված, իսկ վերևում ռուսերեն գրված․ «Անմեղներ չկան»։

1policemanposter

Այստեղ կանգնած ցուցարարները պնդում էին, թե այդ պաստառը մինչ լրագրողների հայտնվելը տվյալ վայրում չի եղել: Ցուցարարներից մեկը պաստառը պոկեց և աղբամանը նետեց։

Հանրահավաքի վայրից փաստերը հավաքագրել են Epress.am֊ի լրագրողները

1rallybaghramyan

2rallybaghramyan

3rallybaghramyan

4rallybaghramyan

5rallybaghramyan

6rallybaghramyan

7rallybaghramyan

8rallybaghramyan

9rallybaghramyan

10rallybaghramyan

11rallybaghramyan

12rallybaghramyan

13rallybaghramyan

14rallybaghramyan 15rallybaghramyan

16rallybaghramyan

17rallybaghramyan

18rallybaghramyan

Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի