Home / Տեսանյութեր / «Մարդիկ սպասում են մի նախադասության՝ էլէներգիայի սակագինը չեղարկվել է» (թարմացվում է)

«Մարդիկ սպասում են մի նախադասության՝ էլէներգիայի սակագինը չեղարկվել է» (թարմացվում է)

01:30 Բաղրամյան պողոտայի լույսերն անջատել են։ Իրավապաշտպան Լարա Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկարներ է հրապարակել Բաղրամյանից, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ տեղավորվում քնելու։

Այս ժամին դեռևս հազարավոր ցուցարարներ շարունակում են մնալ պողոտայի սկզբնամասում, որտեղ խաղաղ նստացույց է, իսկ Ազատության հրապարակում ընդամենը մոտ հարյուր մարդ կա։

baghramyansleeping sleeping

01։20 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում համեմատաբար խաղաղ է և միանշանակ պետք է բացառել ուժի կիրառումը:

«Հստակ պետք է գիտացել, որ ուժային որևէ սցենար ավելի կխորացնի ճգնաժամը: էս մարդիկ այստեղ են կոնկրետ պահանջներով: Հիմա իրենց հետ զրույցներից հասկանալի է դառնում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելն ընդամենը առիթ էր, կարող է բարձրացվեն նաև այլ հարցեր՝ արագաչափերի հետ կապված, անհասկանալի տուգանքների հետ կապված:

Այսինքն՝ այն բոլոր հարցերը, որ բարձրացվում են և՛ ԱԺ֊ում, և՛ մամուլի էջերում՝ մարդկանց ֆինանսական բեռը գնալով մեծանում է, իսկ աշխատավարձները չեն բարձրանում: Իշխանության տեքստում չկա մարդկանց սպասած նախադասությունը: Նրանք մի նախադասության են սպասում, որ էլէներգիայի սակագնի բարձրացումը չեղարկվել է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

baghramyan

01:00 Բաղրամյան պողոտայում թռուցիկներ են տարածել, թե ինչպես ցուցարարները պետք է հարաբերությունները կառուցեն ոստիկանների հետ։

«Ոստիկանների հետ որևէ տեսակի շփումը ցանկալի չէ, եթե կա որևէ շփում, ապա դա պետք է լինի մինիմալ և միայն վերբալ մակարդակում և ձեր իրավունքների շրջանակներում, տեղյակ եղե՛ք ձեր իրավունքներից։

Հիշե՛ք՝ ոստիկանները ծառայում են իշխանություններին, իսկ իշխանությունը յուրացված է թալանչի, հալածող, ապաքաղաքական և փողատեր տարրերի կողմից։ Յուրաքանչյուր ոստիկան աշխատանքի ընդունվելիս՝ ոչ միայն «տուն պահելու» շարժառիթով է մոտիվացված, այլ համակարգին ծառայելու միջոցով հավելյալ արտոնություններ ստանալու, պատասխանատվությունից խուսափելու և ուժ բանեցնելու նպատակներով։

Ոստիկանները մեր բարեկամները չեն, նույնիսկ եթե նրանց մեջ կարող են լինել մեր հարազատներից մարդիկ, ուստի պայքարող քաղաքացիները պետք է մեծ հեռավորություն պահեն ոստիկաններից, հույսեր չփայփայեն, որ ոստիկանը կարող է իրենց խնայել և, օրինակ, բռնություն չկիրառել։ Հիշեք՝ ոստիկանությունն ինքն է մշտապես սպառնում, որ ինքը ունի ուժ (բռնություն) կիրառելու լեգիտիմ իրավունք։ Նման հայտարարություն անող ոստիկանությունը հաստատում է, որ առաջնորդվում է բռնապետության սկզբունքներով։

Ոստիկանը կարող է դառնալ մեր կողմնակիցը միայն այն պահին, երբ վայր է դնում իր ուսադիրները և միանում պայքարող քաղաքացիներին, ցանկացած այլ պարագայում, նույնիսկ՝ եթե ոստիկանը մեզ հետ համաձայն է, ցույց է տալիս, թե մեզ կարեկցում է, պնդում է, որ առաջնորդվում է օրենքով և այլն, նա վերջնական արդյունքում ՀՐԱՄԱՆ ԿԱՏԱՐՈՂ Է։ Ու թող մեզ չանհանգստացնի նրա ապրուստի հարցը, վերջապես ապրուստ վաստակելու ավելի արժանապատիվ միջոցներ կան, իսկ ոստիկանական ուռճացված համակարգի կրճատումը բոլոր հարկատուներիս շահերից է։

Ուստի չարժե ուժերը վատնել ոստիկանների հետ բանակցությունների վրա, պայքարող քաղաքացիների խոսքն ու պահանջն ուղղված է կառավարման մարմինները յուրացրած վերնախավին, ամեն բան պետք է անել, որպեսզի նրանք հայտնվեն փողոցում և բանակցեն պայքարող քաղաքացիների հետ։

Ոստիկանների հետ վերբալ շփումը կարող է հանգեցնել նրան, որ ոստիկանները սադրեն բռնություն, օրինակ՝ հայհոյեն քաղաքացուն, որ նա պատասխան գործողության դիմի։ Նման սադրանքը շատ լավ առիթ է քաղաքացիներին չեզոքացնելու համար։ Երբեմն այդ սադրանքը բանեցնում են քաղաքացիական հագուստով ոստիկանները, այնպես որ ցանկացած ագրեսիայի դրսևորում սադրանք է և պայքարող քաղաքացիներն իրենք պետք է խուսափեն դրանից։

Պայքարող քաղաքացիները ոստիկանների հետ ֆիզիկական ընդհարում չպետք է նախաձեռնեն, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես բռնություն պետության ներկայացուցչի դեմ և դառնալ քրեական հետապնդման առարկա։ Ոստիկանների բռնի հարձակումից ինքնապաշտպանությունը, ցավոք, նույնպես իշխանությունները կարող են ներկայացնել որպես բռնություն պետության ներկայացուցչի դեմ, ուստի ինքնապաշտպանությունը հնարավոր է այնքան, որքան հանրությունը կընկալի դա որպես լեգիտիմ և չի դատապարտի։

Ոստիկանների հետ լավագույն վարքականոնը նրանց արհամարհելն է․ ի վերջո, նույնիսկ եթե ոստիկանները ցանկանում են բռնություն կիրառել և օրինակ՝ ցրել ցույց, բազմահազար ցուցարարների նրանք չեն կարող լցնել իրենց ոստիկանական մեքենաները, տանել բաժիններ, բանտեր և այլն, նրանք այդ ռեսուրսները պարզապես չունեն, պետք է դիմադրել կամքով և ոչ թե ուժով, քանզի ոստիկանների ուժը զենքն է, իսկ քաղաքացիների զենքը՝ քաղաքացիական գիտակցությունն ու անհնազանդությունը։

23։40 Բաղրամյան պողոտայում հազարավոր մարդիկ են կանգնած կամ նստած։ Ոստիկանությունը դեռևս ոչինչ չի ձեռնարկում։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ Ազատության հրապարակ են գնացել մոտ 200 մարդ։

23:35 Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Twitter-ի իր էջում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձություններին․ «Մտահոգված ենք լարված իրավիճակով։ Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ժողովրդավարական արժեքներին վայել»։

23։30 Epress.am֊ի մինչև 21։30֊ը նկարահանած կադրերը Ազատության հրապարակից։

Հիշեցնենք, որ այսօր 18։00-ից Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ սկված հավաքից ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ ցանկանում են գնալ դեպի Ազատության հրապարակ ու հեռացել։ Մարդիկ չեն գնացել, իսկ ոստիկանները կոչ են արել ցրվել՝ սպառնալով ուժ կիրառել։ Հավաքվածները, սակայն, չեն հեռանում, նրանց միացել են հարյուրավոր նոր մարդիկ։

23:20 Վալերի Օսիպյանը խնդրում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին մարդկանց կոչ անել «վերականգնել հանրային կարգը»։  Քոքոբելյանը հայտարարեց, որ իրենք չեն միջամտելու մարդկանց մարտավարությանը․ «Մենք այստեղ ենք վիճակը հանդարտ պահելու համար»։

Նստացույցի վայրում գտնվողներից մեկը փոխանցեց Epress.am֊ին, որ Բաղրամյան պողոտա է եկել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, ով Սերժ Սարգսյանի մտերիմներից է։ Նա իր շքախմբով որոշ ժամանակ շրջել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, և այժմ էլ գտնվում է այնտեղ։

23:15 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է ցուցարարների շարքերին։ Նա շրջում է տարածքում, հրաժարվում պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ ինքը գործ է անում, հորդորում թղթակիցներին՝ իրեն չխանգարել։ Քիչ անց նա վերադարձավ ոստիկանական շարքեր։

22:45 Մարդիկ շարունակում են մնալ Ազատության հրապարակում, իրավիճակը լարված է, բայց ոստիկանների և ցուցարարների միջև դեռևս կոնտակտ չկա։ Ցուցարարները պարբերաբար գոռում են՝ «Ազատ, անկախ Հայաստան»։ 

22։15 Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկանական ուժերի մի մասն առաջին շարքերից մի փոքր վերև բարձրացան, առաջին շարքերը նոսրացան։

22։10 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ իրենք պայթուցիկ սարքեր են հայտնաբերել։ Նա չի պատասխանել այն հարցին, թե ինչպիսի սարքեր են դրանք, ինչ ուժգնության և կոնկրետ ում մոտից են գտել։

21:40 Epress.am֊ի թղթակիցը փոխանցում է, որ Ճանապարհային ոստիկանությունը փակել է Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Թումանյան փողոց տանող հատվածը։ Փակ է նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի խաչմերուկ տանող հատվածը։

21։27 Բաղրամյան պողոտայի ներքևի մասից հարյուրավոր մարդիկ ներխուժում են նստացույցի վայր՝ գոռալով․ «Միացում»։

21։23 «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոստիկաններն իրենց գործողություններով են սրում իրավիճակը։ Նա կրկնել է, որ եթե անգամ հավաքն ապօրինի է, բայց խաղաղ բնույթ է կրում, ոստիկանները պարտավոր են պաշտպանել մարդկանց։

21.20 Բաղրամյան պողոտայում ոստիկանության և ժողովրդի մեջ ստեղծված տարածք է մտել ոստիկանության մեքենա, որի մեջ բարձրախոս էր դրված: Մեքենային մոտ է եկել հրապարակաւոմ մնացած միակ հոգևորականի հագուստով  մարդը և հորդել է աղոթել: «Իբրև պաշտպանություն մեր ազգի՝ բոլորս միասին արտասանում ենք տերունական աղոթը»,-ասել է նա, իսկ հավաքվածներից ոմանք սկսել են արտասանել «Հայր մեր»֊ը: 

21։11 Ոստիկաններն ամբողջովին շրջապատել են մարդկանց՝ փակելով նաև մուտքը Կասկադից։ 

21։05 Գյումրու Թատերական հրապարակում այս պահին դարձյալ շարունակվում է նստացույցը, գրում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքը: Հավաքվել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, հնչող կարճ ելույթներում նրանք հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացու պահանջը չի կատարվել և իրենք չեն պատրաստվում տուն գնալ: 

Գյումրեցի քաղաքացիները նշում են, որ եթե ոստիկանությունը ուժ կիրառի Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների՝ թե կոնկրետ ինչ, չեն մանրամասնում:

20:55 Պռոշյան փողոցով ոստիկանական մեքենաներ են իջնում դեպի Դեմիրճյան փողոց։ Բաղրամյան փողոցի սկզբնամասում ոստիկանները պատ են շարել, մարդկանց չեն թույլ տալիս գնալ դեպի նստացույցի վայր։ Փաստորեն, ոստիկանները շրջափակում են մարդկանց։

20։40 Ոստիկանական նոր ուժեր են ձգվում դեպի Բաղրամյան պողոտա։ Դեմիրճյան փողոցն լեցուն է հարյուրավոր ոստիկաններով։ Մարդիկ դեռ չեն ցրվում։

20:35 Վալերի Օսիպյանը բարձրախոսով հայտարարում է, որ ցուցարարների մեջ սադրիչներ կան, կոչ է անում «դադարեցնել անօրինական նստացույցը», այլապես խոստանում է ցրել ցույցը։ Նա նշել է, որ 23։00-ից հետո ակցիա անել չի կարելի։ Նստացուցավորների ներքևի շարքերում քաղաքացիական հագուստով մարդիկ մարդկանց համոզում են գնալ Ազատության հրապարակ, որտեղ գտնվում են մի քանի հարյուր մարդ։ Ընդհանուր առմամբ, ինչպես հունիսի 23-ին, այսօր էլ մարդկանց շարքերում շատ են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք աշխատում են ոստիկանության աշխատակիցների հետ, նրանցից ցուցումներ ստանում։

20։30 Մարդկանց և ոստիկանների միջև պատ են կազմել՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, փաստաբան Հարություն Բաղդասարյանը, լրագրողներ Պետրոս Ղազարյանը և Արամ Աբրահամյանը, իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը և Արթուր Սաքունցը, դերասան Հովհաննես Ազոյանը։ 

20։20 Ցուցարարների մեծ մասը չի պատրաստվում հեռանալ, նրանից շատերը նստել են հատակին։ Ոստիկանները առգրավել են ցուցարարների բարձրախոսները և մարդկանց շփումը հնարավոր չէ կազմակերպել։

20։15 Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ասել է Նիկոլ Փաշինյանին, որ Ժիրայր Սեֆիլյանը և «Նախախորհրդարանի» (նկատի ունի Հիմնադիր խորհրդարանը) անդամները, ինչպես նաև Արգիշտի Կիվիրյանն իր խմբով ընդհատակյա գործ են անում, և խախտում են օրենքը։ Փաշինյանն առաջարկել է կոնկրետ անձանց նկատմամբ գործողություններ կիրառել։ Ոստիկանները պնդում են, որ ցուցարների մեջ կան սադրիչներ և հավաքը խաղաղ բնույթ չի կրում։ Պատգամավորն ընդգծել է նաև, որ ոստիկանությունը ցրվելու համար ողջամիտ ժամկետ ցուցարարներին չի տվել, ինչը նույնպես օրենքի խախտում է։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն բանավոր կերպով է ասել, որ ցուցարարները 30 րոպե ունեն։

20:10 Ոստիկանները դանդաղ մոտենում են ցուցարարներին։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ոստիկաններին, որ ուժի կիրառումն անօրինական է։ Նա նշել է, որ իրավիճակ չի փոխվել և ոստիկանները պետք է բացատրեն իրենց գործողությունները, քանի որ հավաքը խաղաղ բնույթ ունի։ Նման բնույթ ունենալու դեպքում ոստիկանները պարտավոր են ապահովել մարդկանց անվտանգությունը։ «Բռնությունն անթույլատրելի է», ֊ ոստիկաններին ասել է Փաշինյանը։

Ոստիկանները սկսել են քանդել երկաթե պատնեշները, նրանցից ոմանք ընդհուպ մոտենում են մարդկանց շարքերին։ Նրանք մահակներով հարվածում են իրենց վահաններին՝ բարձր ձայն հանելով։

20։00 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Գազել» մակնիշի ավտոմեքենայով անցավ սահմանագծից այն կողմ և հայտարարեց, որպեսզի ցուցարարները անհապաղ լքեն տարածքը և գնան Ազատության հրապարակ։ Նա կոչ արեց լրագրողներին նույնպես հեռանալ, որպեսզի հետագայում չբողոքեն, որ «անհամաչափ ուժ է կիրառվել»։ 

19։47 Բաղրամյան պողոտայում մնացողները կմաքրվեն։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա նաև ասել է, որ գործողությունները կլինեն ավելի կոպիտ, հետո էլ հավաքվածներից մեկի վրա գոռացել է․ «Չքվիր այստեղից»։

19։40 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը առաջարկեց գնալ Ազատության հրապարակ։ Մարդիկ վանկարկում են «Ամոթ» և «Բաղրամյան»։

19։20 Ցույցերի ակտիվ մասնակից «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ելույթ ունեցավ հավաքված հազարավոր մարդկանց առջև՝ նշելով, որ նախաձեռնությունն առաջարկում է հանրային քննարկում անցկացնել և որոշել պայքարի ձև։ Շուշանյանը նախաձեռնության անունից պատրաստակամություն հայտնեց ենթարկվել մարդկանց որոշմանը։ Մարդիկ սկսել են վանկարկել «Չեղարկում»։

Շուշանյանը կրկին վերցրել է խոսափողն ու ասել է․ «Որոշումը կայացնելուց առաջ մտածեք պատասխանատվության մասին ու հետագա քայլերի մասին»։ նա նաև ավելացրել է, որ որոշումը կարող է լինել երկու տիպի՝ մնալ, կամ ցրվել ու այլ ձևի անհնազանդություններ դրսևորել շարունակական պայքարի ընթացքում։ Շուշանյանի խոսքով՝ մնալով՝ իրենք ֆիզիկապես պատրաստ չեն ծեծ ու ջարդի, ջրցանի և այլն։ «Միայն զոռբայությամբ չի», ֊ հայտարարել է Շուշանյանը։

Նստացույցի մասնակիցների շարքերում խոսում են մնալու մասին, դժգոհություն հայտնում Շուշանյանի խոսքերից։

18:30 Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ պայքարող մարդիկ շատանում են, իսկ ոստիկանությունը, ի տարբերություն նախորդ օրերի, ավելի ակտիվ է գործում։ Մասնավորապես, ոստիկանության ուժերը փակել են Մոսկովյան֊Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը և մարդիկ այժմ դեպի բողոքի ակցիայի առաջին շարքերը քայլում են հիմնականում մայթերով։ Ամբողջ կենտրոնում ոստիկանական ուժերի և տեխնիկայի կուտակումներ են։

1police

Ակնկալվում է, որ այսօր հավաքի մասնակիցները Էլէներգիայի թանկացման դեմ ակցիան շարունակելու կամ կասեցնելու մասին պետք է որոշում ընդունեն։

1cyuc 2cyuc

Այսօր ավելի վաղ ոստիկանների գործողությունները համակարգող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի կայքի ուղիղ եթերում հայտարարել է, որ հունիսի 28-ին 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:

Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

3cyuc