10։10 Forrights.am կայքին հաջողվել է կապ հաստատել Դավիթ Նիկողոսյանի հետ, ում ավելի վաղ ոստիկանական բաժին էին տեղափոխել։
«Ես ընկերոջս հետ Ազատության հրապարակում էի, լսեցի այնտեղ մի քանիսի ելույթները, զգացի, որ տղաները փոխվել են, իրենց նման չեն, արտահայտեցի իմ կարծիքը, ասացի, որ կարիք չկար պառակտելու շարժումը: Կողքիս կանգնած մարդկանց հետ խոսակցություն սկսվեց, որը նույնիսկ բանավեճ չի կարելի անվանել, մենք շատ խաղաղ զրուցեցինք, հետո ես հեռացա»,- պատմել է Նիկողոսյանը:
Բաղրամյան պողոտա չհասած նրան է մոտեցել ոստիկանության մայորը և հարցրել, թե արդյոք նրա մոտ կա կտրող կամ ծակող գործիք:
«Ոստիկանն ասաց, թե ես կասկածվում եմ ինձ մոտ կտրող գործիք պահելու մեջ և պետք է բերման ենթարկվել խուզարկության համար: Կենտրոնի բաժնում պահվել եմ մոտ երեք ժամ, որևէ բողոք չունեմ ոստիկանության գործողությունների վերաբերյալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրեն բերման ենթարկելու պատճառը իր քաղաքացիական հայացքներն են եղել:
09։30 Երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում 32-ամյա Դավիթ Նիկողոսյանը Բաղրամյան պողոտայից շարժվել է դեպի Ազատության հրապարակ, որպեսզի հասկանա, թե ինչ է այնտեղ կատարվում։ Րոպեներ անց, ըստ ականատեսի, Դավիթին եւ եւս մեկ քաղաքացու ոստիկանները նստեցրել են մեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ։ Այդ մասին գրում է forrights.am-ը:
«Մեր գործընկերը՝ Սևակ Ծատուրյանը, տեսել է, թե ինչպես են ոստիկանները եղբորս նստեցնում մեքենան ու տանում։ Մենք փորձում ենք նրան գտնել, զանգահարել եմ ոստիկանության բոլոր բաժիններ, սակայն ասում են, որ Դավիթն այնտեղ չէ»,- ասել է Դավիթի եղբայրը՝ Խաչատուր Նիկողոսյանը։ Ոստիկանությունը կատարվածի մասին տեղեկություններ չի տրամադրել: Դավիթի հարազատները պատրաստվում են հաղորդում ներկայացնել հանցագործության մասին՝ առեւանգման վերաբերյալ։
Լուսանկարը՝ forrights.am