Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վաճառելու մտադրություն չունի։ Reuters գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչ Անտոն Նազարովը։ «Բանակցություններ չենք վարում և վաճառք չենք ծրագրում»,֊ Նազարովի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Միևնույն ժամանակ, «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով ընկերությունում իր աղբյուրին, հայտնում է, որ «Ինտեր ՌԱՕ»֊ն մտադիր է վաճառել ՀԷՑ֊ը՝ Հայաստանում շարունակվող ցույցերի պատճառով։
Նշենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 100%-ով պատկանում է «Ինտեր ՌԱՕ»-ին: 2014 թվականին ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 157,3 մլրդ դրամ, վնասը՝ 10,7 մլրդ դրամ։
Հայաստանում էլէներգիայի թանկացման շուրջ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է 2015 թվականի օգոստոսի 1-ից երկրում էլէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հանձնաժողովի որոշումը հանգեցրել է տարերային բողոքի ցույցերի Երևանում ու Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։
Հունիսի 23֊ին վաղ առավոտյան ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժի կիրառմամբ ցրել է ցուցարարներին Բաղրամյան պողոտայից։ Նույն օրը երեկոյան բողոքողների թիվը մի քանի անգամ աճել է։ Ցուցարարները մերժել են ՀՀ նախագահին հանդիպելու առաջարկներն ու կրկին արգելափակել Բաղրամյան պողոտան, որտեղից հրաժարվում են հեռանալ։