Home / Տեսանյութեր / Սերնդեսերունդ. պերեստրոյկայից մինչև մեր օրերը

Սերնդեսերունդ. պերեստրոյկայից մինչև մեր օրերը

Անժելա Հարությունյան

Վերջին օրերին բազմիցս է գրվել ցույցերի` որպես հորիզոնական, անպարագլուխ ու ինքնաբուխ հարթակի բնույթի մասին, որի կորիզը երիտասարդությունն է, այն է` 1990-ականների երկրորդ կեսին աշխարհ եկած սերունդը: Սակայն հազվադեպ է վերլուծության ենթարկվել այս սերնդի պատմական փորձառությունը` մանավանդ 1980-ականների պերեստրոյկայի ու 1990-ականների առաջին կեսի անկախության սերունդների հետ համեմատության ու հարաբերության մեջ: Այս հոդվածը նման համեմատության փորձ է, չնայած որ այս պահին ընդհանրական է ու սխեմատիկ:

Պերեստրոյկայի սերունդը

Գորբաչովի` համապատասխանաբար 1984 և 1985թթ. հռչակած պերեստրոյկայի ու գլասնոստի քաղաքականությունները կուսակցության ներսում երկփեղկվածություն առաջացրեցին: Բրեժնևյան «կադրերը» համառ դիմադրություն էին ցույց տալիս տնտեսական կյանքում ու մշակութային կյանքի ազատականացման ասպարեզում Գորբաչովի ու երիտասարդ կադրերի` միակուսակցական համակարգի ներսում նախաձեռնած բարեփումներին: Սրանց սկզբնական նպատակը, ինչպես հետագայում Լեհաստանի ընդհատակյա ինտելեգենցիան պիտակավորեց, մարդկային դեմքով սոցիալիզմն էր: Պերեստրոյկայի տնտեսական հենարանը Լենինի Նոր Տնտեսական Քաղաքականության (ՆԷՊ, 1921-1928) վերանայումն էր, որը հնարավորություն տվեց հետ բերել մասնավոր տնտեսվարության որոշ ձևեր (ասենք` կոոպերատիվները)`պետական տնտեսվարման գերակշիռ ձևերին զուգահեռ: Այնինչ, գլասնոստի քաղաքականության մշակութային հենարանը 1956թ. Ստալինի մահից հետո խրուշչովյան Ձնհալի սերունդն էր, որը հատկապես Հայաստանում` շնորհիվ հայրենադարձության ալիքի, 1980-ականներին արդեն իսկ զգացել էր «ռոքընռոլի», «ծամոնի» ու «ջինսի»` Արևմտյան ազատության համը: Պերեստրոյկայի երիտասարդները, ովքեր պահանջում էին փոփոխություններ, ինչպես Վիկտոր Ցոյի հայտի երգում, ի վերջո ամրապնդում ու հաստատում էին գորբաչովյան նախագիծը: Սակայն գորբաչովյան քաղաքականությունը տարբեր ենթատեքստերում տարբեր մետաստազներ տվեց, որոնց ազդեցություններն անցան հենց պերեստրոյկայի շրջականից. Հայաստանում, ինչպես նաև մերձբալթյան երկրներում դա ազգայնականությունն էր: Հայաստանում բնապահպանությանն ու ապաբյուրոկրատացմանն ուղղված կոչերը կամաց-կամաց խլացան «Միացում» ու «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսների գոչյունի տակ` ուղեկցվելով Ղարաբաղյան շարժման ալիքով ու վերահաս պատերազմով: Մինչ այդ, սոցիալիզմը վերափոխելու կուսակցական վերնախավի ջանքերին կամաց֊կամաց փոխարինել էին ազատական ժողովրդավարության հռետորությունները: Պերեստրոյկայի երիտասարդության իդեալը մի կողմից Արևմտյան ազատությունն էր` սպառողականության իր երազային նշաններով (Մալբորո, Հոլիվուդ, Մերսեդես, պոռնո ֆիլմեր և այլն), մյուս կողմից` ազգային պետությունը (հղելով հայ ժողովրդի դարավոր պատմությանը, դառնությամբ լի անցյալին և այլն): «Երիտասարդությունը», ընդ որում, ոչ միայն տարիքային խումբ էր բնորոշում, այլ նաև պարունակում էր որակական ներիմաստներ. երիտասարդությունը ժամանակաշրջանի ոգու պատմական գործորդն էր: Ինչպես արվեստի քննադատ ու արվեստագետների 3-րդ հարկ շարժման մասնակիցներից Նազարեթ Կարոյանն է 1989թ. անտիպ իր գրառումներում նշում ` «Դեռ երեկ ավագները լիիրավ կերպով կարող էին հորդորել. «Լսիր, ես էլ եմ եղել երիտասարդ, իսկ դու ծեր` երբեք»: Մինչդեռ այսօր նույնքան լիակատար իրավունքով կարող են հայտարարել. «Ես երիտասարդ եմ մի աշխարհում, որտեղ դու երբեք չես եղել ու չես լինի»»:

Այսպիսով, պերեստրոյկայի սերունդը, հիմնականում հաստատելով գորբաչովյան քաղաքանությունը, ինքն իրեն ընկալում էր որպես որակապես նախորդից խիստ տարբեր մի սերունդ, որին վերապահված էր «նոր աշխարհը» ուշ խորհրդային մարդու առջև բացելու պատմական առաքելությունը: Այս սերնդի գաղափարախոսությունը և իղձերը ազգայինի ու համաշխարհայինի (իրենց ընկալմամբ` ազատական ժողովրդավար Արևմուտքի) լարման մեջ էին ձևավորվում, երբ հին աշխարհը իբր կործանվում էր, և նորն ու ցանկալին ներկայանում էին իրենց ամբողջ հմայքով, բայց նաև հղելով ազգային վաղեմի անցյալին: Այս սերնդի գաղափարախոսությունը մի կողմից նույնական էր իշխանական գաղափարախոսության հետ (ազատական ժողովրդավարության արժեքներ), բայց մյուս կողմից` իր որոշակի դրսևորումներով (ազգայնականությունն, օրինակ) այն նաև իշխանական տրամասությունը զանցառում էր:

Անկախության սերունդը

Պերեստրոյկայի սերունդը, ու հատկապես այդ սերնդի ավանգարդը, 1990-ականների սկզբին բառիս բուն իմաստով իշխանության եկավ: ԽՍՀՄ-ի փլուզմանը նախկին հանրապետություններում անմիջապես հաջորդեց անկախ պետությունների հռչակումը, իսկ սրան հետևեցին պետականության կառուցման քայլերը` տնտեսվարման նոր համակարգով, վարչարարական օրգաններով, ինչպես նաև հասարակական հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմներով: Ցույցերի նախկին մասնակիցներն ու առաջնորդները, ովքեր հիմնականում ուշ խորհրդային ինտելիգենցիայի ներկայացուցիչներ էին ու պերեստրոյկայի համատեքստում որդեգրել էին ընդդիմադիր կեցվածք, լծվեցին պետականության կառուցման գործին: Ահա նոր պետականության կառուցման այս պայմաններում էր, որ նախկին դիսիդենտները, ընդդիմադիրներն ու ենթամշակույթի ներկայացուցիչները, կազմեցին նոր պետության իշխանական էշելոնը: Անկախության տարիները պերեստրոյկայի սերնդի իշխանության տարիներն են:

Այս համատեքստը, գոնե անկախության առաջին տարիներին, կառուցվածքային առումով անհնար է դարձնում մերժման, արմատական քննադատության ու դիմադրության ռազմավարությունները, քանի որ նախկինում լուսանցքային դիրք ունեցող ընդդիմադիր (բայց, ինչպես նշվեց վերևում, պետեստրոյկայի քաղաքականության ուղեծրում գործող) երիտասարդությունն էր եկել իշխանության գլուխ:

Երրորդ հանրապետության ղեկավարները, կիրառելով ազատական ժողովրդավարության սկզբունքները, փորձում էին նոր երկրի կառուցման մեջ ներգրավել առավել երիտասարդներին` անկախության սերնդին, նրանց, ովքեր 1990-1995 թթ. 20-25 տարեկան էին: Պատահական չէ, որ այս ժամանակաշրջանը նշանավորվեց տարբեր ոլորտներում «կադրերի» երիտասարդացմամբ, երիտասարդական հեռուստահաղորդումների ու պարբերականների առատությամբ, ինչպես նաև Ծաղկաձորում ու Դիլիջանում իշխանության ու երիտասարդության ներկայացուցիչների առերես հանդիպումներով, որոնց մասնակցում էր նույնիսկ երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն մտայնությունն էր տիրում, թե Երկաթե վարագույրի հետևում գոցված աշխարհը բացվել էր հետխորհրդային մարդու առջև, ապագան հառնել էր ներկայում, ու անկախության սերնդին մնում էր միայն հաստատել ու ամրապնդել ընթացիկ փոփոխությունները: Այս փոփոխությունների առանցքը տնտեսության մեջ ազատ շուկայական հարաբերությունների ներմուծումն էր, իսկ մշակույթի մեջ` ազատական արժեքները` համեմված ազգայնականության տարբեր դրսևորումներով: Գաղափարական առումով` 1990-ականների «քաջ» երիտասարդությունը ընդհանուր առմամբ իշխանական տրամասության ուղեծրում էր, բայց միառժամանակ ապրում էր տեղեկատվական առավել բաց հոսքերի պայմաններում, քան նախորդ սերնդի իրենց ավագները: Ամենևին չպետք է մոռանալ, որ անկախության սերունդը նաև պատերազմի, երկրաշարժի ու «մութ ու ցուրտ» տարիների սերունդն է, բայց նաև մեկը, որ ոգեշնչված էր գալիքի հույսով: Սա մի սերունդ էր, որ ձևավորվել էր մահվան ու հույսի համակեցության պայմաններում, վերջին սերունդը, որը ինչ-որ չափով վերապրել էր քայքայվող համակարգի հիշողությունը:

Հետանկախության սերունդը

Իսկ ինչպե՞ս է երիտասարդությունը ներկայացվում ու ինքնաներկայանում այսօր` հետանկախության ենթատեքստում: Հետանկախություն ասելով` նկատի ունեմ 1990-ականների վերջին սկսված ու մինչ օրս շարունակվող տնտեսական, հասարակական ու պետական գործընթացները, որոնք ի վերջո հանգեցրին երկրի կարևորագույն տնտեսական ոլորտների սեփականաշնորհմանը, արտերկրի (հիմնականում ռուսական) կապիտալի գերակայությանը, հանրային ենթակառուցվածքների քայքայամանը, զանգվածային արտագաղթին, կուսակցական ու քաղաքական գաղափարախոսություններից զանգվածների հիասթափվելուն, սպառողական մշակույթի ու էթնո-ֆոլկլորիկ ազգայնականության վերջնական սերտաճմանը ու քաղաքային մշակույթի դրսևորումների նահանջին, ի թիվս այլ գործընթացների:

Կարծում եմ` հարիր է այս սերնդի բնորոշումը տալ վերջին օրերի բողոքի ալիքի համատեքստում` մանավանդ որ գերիշխող տրամասությունը և՛ պաշտամունքի, և՛ ձաղկման առարկա է դարձրել երիտասարդությանը: Այս համատեքստը կարևոր կետեր բացահայտելու հնարավորություն է տալիս, քանզի խտացնում է երիտասարդության խնդիրները ու այս սերնդի բնորոշիչները՝ որքանով որ կարելի է դիմել ընդհանրացումների` չունենալով պատմական հեռավորության հնարավորություն:

Բաղրամյանի ցույցերի հիմնական կորիզը կազմող 17-ից 25-ամյա երիտասարդներին ցույցերի սկզբնական շրջանում գովերգում էին թե՛ անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցները, թե՛ ոստիկանապետը, ով իր ձեռքն է վերցրել երիտասարդների «հոգևոր-բարոյական» նկարագրի հարցը, և թե՛ երբեմն նույնիսկ իշխանական լրատվամիջոցները: Վերջիններս ընդհանրապես ցույցերին հպանցիկ են անդրադառնում, կարծես դրանք տեղի են ունենում Նոր Զելանդիայում (օրինակ, արդեն վաղուց ամենաանադեկվատ հռչակված Հանրային հեռուստատեսության Հայլուր ծրագրի եթերի 60%-ը նվիրված է հակա-թուրքական ու հակա-ադրբեջանական քարոզին, 20%-ը նախագահի ու խորհրդարանի գործունեության լուսաբանմանը, իսկ 20%-ը իշխանամետ բիզնեսի գովազդին): Ընդհանուր միտում էր նկատվում միատարր դարձնել երիտասարդների խմբերը` հիմնականում իբր-ակնհայտ ճշմարությունների («բոլորս հայ ենք») ու կրկնաբանությունների («հայը հայ է») հռետորական գործիքներով: Այս գործողության մյուս երեսն էլ ամեն տարասեռության արմատական ուրիշացումն է:

Այս միատարրացումը, որը ոչ թե սոցիալական կամ քաղաքական հողի վրա է (ասենք, ցուցարարների դասակարգային պատկանելության կամ քաղաքական հայացքների առումով), այլ ազգային-բարոյախրատական հարթության, ծառայում էր մի քանի նպատակի. չեզոքացնել պահանջների ու հենց որոշակի վայրում ցույցի փաստի արմատականությունը, «հայի տեսակը մաքուր պահելով» սեպ խրել «հայերի» ու «ոչ-հայերի» մեջ ու վերջին տարիներին նույն ազգայնական գաղափարաբանությունը ներկալած ու մարսած զանգվածների մոտ դիվիդենտներ հավաքել: Այո, հավաքված երիտասարդությունը տարասեռ է` երիտ-ազգայնականներից մինչև տարբեր քաղաքացիական պայքարների բովում թրծվածներ, սևասայր կոշիկներ հագածներից մինչև ազատ սիրո քարոզիչներ և այլն: Ի վերջո, 2000-ականների սերնդի տեղեկատվական դաշտը տարբեր է, տարբեր է նաև արժեքային համակարգը, բայց միառժամանակ նրանց միավորում են օբյեկտիվ այն պայմանները, որոնք բնորոշ են «հետանկախության» Հայաստանին: Թվարկեմ սրանցից մի քանիսը. որևէ դրական ու հաստատական գաղափարախոսության իսպառ բացակայությունը, սպառողական մշակույթի հաղթարշավը, զանգվածային արտագաղթի առկայությունը, կուսակցական պայքարի ճգնաժամը, տղաների համար` բանակում ծառայելու հաճախ սահմռկեցուցիչ հեռանկարը, իբր սառած, բայց իրականում կարճ միացումների տրամաբանությամբ ընթացող պատերազմը, աշխարհաքաղաքական մեկուսացման պայմաններում տեղեկատվական հոսքերի մատչելիությունը, արժեքային համակարգերի` ազգայինի, ռուսականի ու եվրոպականի հակասությունները, խաչաձևումներն ու բախումները, և այլն:

Սակայն ցույցերի առաջին օրերի խանդավառությունը չէ, որ վառ կերպով արտահայտեց այս սերնդի հատկանշանները, այլ երբ մեկնարկից մեկ շաբաթ անց բազմամարդ ամբոխի ներկայությամբ պայմանավորված հափշտակությանը տեղի տվեց հյուծվածությունը: Այստեղ էլ նկատվեց հենց սերնդի մեջ ահռելի բևեռացում, երբ մի կողմից տեղում խոսքի ու քննարկման ավանդույթ ստեղծելու, փորձառությունը վերլուծելու ու հասկանալու փոքր խմբերի հուսահատ ջանքերն էին, մյուս կողմից` խոսքի ու մտքի նկատմամբ սոսկումը: «Գրավված» տարածքը` Բաղրամյան պողոտայի վերջնահատվածը, որտեղ առաջին հայացքից կարծես թե խզվել էր իշխանական տրամասությունը, ի վերջո բյուրեղացրեց ու վերարտադրեց հենց այսօրվա իշխանական` «զոնի նայողների» տրամասությունը: 2000-ականների սերնդին կարելի է ընդհանրական բնորոշել որպես սրված հակասությունների հետխորհրդային սերունդ, մի սերունդ, որը «դեմ» է, բայց որը ազատագրված կյանքի որոշակի իդեալներից ու գաղափարախոսությունից զուրկ է: Սակայն մյուս կողմից, սա մի սերունդ է, որի համար բողոքը ու պայքարը հույսի միակ հանգրվանն են` ապրելու վերջին տեղը: 

Tekali Taxi