Ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակցիաների մասնակից Վարդգես Գասպարին այսօր առավոտյան իր բնակարանի դռան առջև կրկին գոմաղբ է հայտնաբերել։ Երեկ դռան առջև լցված գոմաղբը նա տարել էր Սերժ Սարգսյանի տան մոտ, որից հետո նրան բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։
Այսօրվա դեպքից հետո Վարդգես Գասպարին որոշել է հացադուլ սկսել Սերժ Սարգսյանի տան դիմացի մայթին՝ Պռոշյան֊Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
«Քաղաքացիները գործում են բաց, հրապարակային՝ ստանձնելով իրենց գործողությունների պատասխանատվությունը. Հանցաշխարհը գործում է ծածուկ, խուսափելով պատասխանատվությունից.
Արդեն որերորդ անգամն է, որ գործող իշխանության և սերժ սարգսյանի դեմ իմ բողոքը բարձրաձայնելուց հետո <անհայտ անձիք> գիշերը բերում, թրիք են լցնում իմ տան դռանը՝ նաև լրացուցիչ անհանգստություն պատճառելով հարևաններիս՝ իշխանությունները փորձում են լռեցնել իմ բողոքի ձայնը:
Գործող իշխանությունը այսպիսով փաստացիորեն պատժում է նաև ընտանիքիս, անչափահաս որդուս՝ Սևազգեստ որդեկորույս մայրերին և անարդարության այլ զոհերին նեցուկ լինելու համար…
Ես ի բողոք իմ, նաև այլոց, արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարման այսօր ժամը 12-ից բողոքի հացադուլ եմ սկսելու սերժ սարգսյանի տան դիմաց՝ Պռոշյան -Դեմիրճյան խաչմերուկ…
Ավելացնեմ ես շարունակելու եմ իմ բողոքը
<սերժիկ մարդասպան,
սերժիկ հանցագործ,
սերժիկ սրիկա>
կարգախոսներով…
Իմ՝ քաղաքացու իրավունքն է պետական պաշտոնատար անձի մասին բարձրաձայնել իմ գնահատականը, իսկ պետական պաշտոնատար անձը, նրա ենթակաները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կուսակիցները և այլոք իրավունք չունեն իմ և այլոց գողական բռնություններով հակադարձել », ֊ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վարդգես Գասպարին (ուղղագրությունը պահպանված է – խմբ․):