Առանց գաղտնի աղբյուրների լրագրություն գոյություն չունի, առավել ևս՝ հետաքննող լրագրություն։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով «ilur.am» կայքի դեմ հարուցված քրեական գործին։
Հիշեցնենք՝ iLur.am-ը հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է iLur.am-ին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Խոսքը գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը, որի մասին տեղեկացրել էր iLur.am-ը՝ նշելով, որ բռնության հեղինակը Շիրակի վարչության արդեն նախկին պետ Վարդան Նադարյանն էր, որն այժմ ազատված է աշխատանքից (դեպքի հետ առնչություն չունեցող պատճառներով):
Աշոտ Մելիքյանն ասել է, որ այս գործով վտանգավոր նախադեպ է ստեղծվում։ Նրա խոսքով՝ ԶԼՄ֊ների մասին օրենքում հստակ սաhմանվում է՝ ինչպես կարելի է բացահայտել աղբյուրը։
«Մի շարք հանգամանքներ պետք է առկա լինեն։ Խոսքը պետք է գնա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու մասին», ֊ ասել է Մելիքյանը՝ վստահեցնելով, որ տվյալ դեպքում խոսքը չի գնում նման դեպքի մասին։ Ըստ Մելիքյանի՝ իրավապահ մարմինները փորձել են գործին այնպիսի տեսք հաղորդել, որպեսզի այն համապատասխանեցնեն օրենքին, բայց դա շատ շինծու է ստացվում և հասարակության կողմից վստահություն նման ձևակերպումների վերաբերյալ չկա։
Մեկ այլ հանգամանքն էլ այն է, որ պետք է սպառված լինեն հանցոգործությունը բացահայտելու բոլոր այլ հնարավոր աղբյուրները, հնարավորությունները, նշել է փորձագետը։
Նա ասել է, որ դա ևս այդպես չէ, քանի որ այդ միջադեպի մասին խոսում էր ամբողջ Գյումրին, ավելին՝ Գյումրիի Ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը պատրաստ էր պատմել այդ միջադեպի մասին։
«Հասկանալի է, որ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը, այդ մասին գիտի ամբողջ Հայաստանը։ Կարծում եմ՝ կասկած չկա, որ վստահելի է տեղեկատվությունը։ Փաստ է, որ դեպքը տեղի է ունեցել», ֊ ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ հասարակական շահի առումով, խոսքի ազատության իրավունքն այս դեպքում շատ ավելի բարձր է, քան տեղի ունեցած հանցագործությունը, և հասարակական շահն այստեղ աղբյուրը չբացահայտելն է։