Վերաքննիչ դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող, կալանավորված Արա Բուդաղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը (լուսանկարում): Նրա խոսքով՝ ինքը դեռ չի ստացել մերժման հիմնավորումները, սակայն պաշտպան կողմն արդեն որոշել է, որ վճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, այնուհետև նաև ՄԻԵԴ֊ում:
Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը մահափորձի առնչությամբ կալանավորված 4 անձանցից մեկն է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը:
Նշենք, որ Արա Բուդաղյանը 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի և վիրավորում ստացած Արտակ Բուդաղյանի կրտսեր եղբայրն է։