Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են բախումները ոստիկանության և արմատական ձախական խմբերի ներկայացուցիչների միջև։ Վերջիններս Թուրքիայի իշխանություններին մեղադրում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու մեջ։ Հուլիսի 20-ին թուրքական Սուրուչ քաղաքում ԻՊ֊ն ահաբեկչական գործողություն էր իրականացրել, որի հետևանքով մահացել էր ձախական խմբերի 32 երիտասարդ։ Չնայած դրանից հետո Թուրքիայի իշխանությունները սկսել են օդից հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող ԻՊ֊ի դիրքերին, երկրում գործող ձախական խմբերը պնդում են, թե կառավարությունը տրամադրում է ԻՊ֊ին քրդական բնակչության դեմ։
Երկրի քրդական շրջաններում նույնպես լուրջ բախումներ են գրանցվում կառավարության ուժերի և քրդերի միջև։ Թուրքիայի կառավարությունը ռազմական գործողություններ է սկսել նաև երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության դեմ (PKK):
Ինչպես հաղորդում է Solfront.org-ի ֆեյսբուքյան էջը, քրդերով բնակեցված Դիարբեքիրի շրջակայքում բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինվորական, վիրավորվել՝ 11-ը։ Համաձայն չճշտված տեղեկությունների, կորուստներ ունեն նաև PKK-ի զինյալները։
Վանում ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և քրդական բնակչության միջև։
Լարված վիճակ է նաև Ստամբուլում․ երեկվանից արմատական ձախական խմբերն իրենց հսկողության տակ են պահում Գազի թաղամասը, որտեղ ավելի վաղ փոխհրաձգության հետևանքով ոստիկան է սպանվել, իսկ 1 լրագրող ու 1 ձախ ակտիվիստ էլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել: Փողոցային մարտերը շարունակում են։
Նշենք, որ Գազի թաղամասը հիմնականում ալևիներով և քրդերով է բնակեցված։ Այնտեղ 1995 թվականին ալևիների և ոստիկանություն միջև բախումներ էին գրանցվել, որոնց հետևանքով սպանվել էր 23 մարդ, 1400-ը՝ վիրավորվել:
Հատկանշական է, որ թուրքական ԶԼՄ֊ները փողոցային բախումներին գրեթե չեն անդրադառնում։